Ազգային ժողովի նիստն այսօր չկայացավ քվորում չլինելու պատճառով: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն գրանցվել էր 8 պատգամավոր։ Արդեն երրորդ օրն է, ինչ ԱԺ նիստը չի կայանում քվորում չլինելու պատճառով։  

Քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում։ Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալի և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել