Հայաստանն ու Ավստրիան պատմական ամուր կապ ունեն։ Ավստրիական մայրաքաղաքում հայերը հիմնվել են դեռևս XVII դարում՝ երկրի պատմության մեջ իրենց ուրույն հետքը թողնելով։ Այսօր Ավստրիայում շուրջ 7 հազար հայ է ապրում, որոնց մեծ մասը՝ մայրաքաղաք Վիեննայում։ Հայկական համայնքներ կան Գրացում, Բրեգենցում և Ինսբրուկում։

Ձեզ ենք ներկայացնում այն պատմական ներդրումները, որոնք հայերն ունեցել են ավստրիական մայրաքաղաքում։

Առաջին սրճարանը Եվրոպայում

Համաձայն ավստրիական աղբյուրների՝ Եվրոպայում առաջին սրճարանը բացվել է Վիեննայում XVII դարում հայ Հովհաննես Աստվածատուրի (Իոհանես Դիոդատո) կողմից։ 1685-ին կայսր Լեոպոլդ I Հաբսբուրգը նրան արտոնություն տվեց սուրճի վաճառքի ոլորտում՝ Հովհաննեսի ծառայության և տված օգուտների համար։ Սրճարանը բացվեց Աստվածատուրի առանձնատանը՝ ներկայիս Ռոտենտուրմշտրասե փողոցում։ Հայի մահից հետո երկար ժամանակ տեղանքն օգտագործվում էր որպես խանութ, սակայն 1970-ականների վերջին որոշվեց վերաբացել հնագույն վիեննական սրճարանը, որն այսօր անվանվում է «Daniel Moser»։ 2004-ին Վիեննայում Աստվածատուրի պատվին արձան կանգնեցվեց։

Վիեննայի Մխիթարյան վանք

Վիեննայի հայկական կաթոլիկ Մխիթարյան վանքը գտնվում է Վիեննայի կենտրոնում՝ նույնանուն փողոցում՝ Մխիթարիստենհասե։ Վանքը հիմնվել է 1810-ին։ Ճարտարապետական համալիրում եկեղեցին կառուցվել է 1874-ին։ Ժամանակի ընթացքում Վիեննայի Մխիթարյան վանքը Սան-Լազարոյի վանքի հետ միասին դարձավ աշխարհում հայկական մշակույթի խոշոր կենտրոն՝ գրադարանով և տպարանով։

Հուշարձան խորհրդային զինվորին

Վիեննայի Շվարցենբերգպլացի հրապարակում կանգնած է խորհրդային զինվոր-ազատագրիչի արձանը՝ արված քանդակագործ Միքայել Ինտեզարյանի կողմից։ Հուշարձանն իրենից ներկայացնում է խորհրդային զինվորի՝ 12-մետրանի բրոնզե արձան՝ ավտոմատը կրծքին, դրոշը աջ ձեռքում, իսկ ԽՍՀՄ զինանշանը՝ ձախ։

Ավստրիայի ամար 1945 թ․ պայքարում հատկապես առանձնանում էր 208-րդ ջոկատը, որն առաջնորդում էր փոխգնդապետ Վարդգես Կարապետյանը, ով ազատագրել էր Վիեննայի 30 արվարձանները։ Ավստրիայի մի շարք բնակեցված կետեր ազատագրվել են Կիրովաբադի 409-րդ հայկական դիվիզիայի շնորհիվ: 2009 թ. Ավստրիայում Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների հիշողությունների պատին  հուշատախտակ ստեղծվեց հայ զինվորների հիշատակին:

Հայկական եկեղեցի «Սուրբ Հռիփսիմե»

Հայկական առաքելական «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին կառուցվել է Վիեննայում 1968-ին: Սակայն Աստծուն երկրպագել այնտեղ սկսել են միայն չորս տարի անց: 1981-ից ի վեր եկեղեցուն կից գործում է դպրոց՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, որտեղ ներկայումս սովորում է շուրջ 140 մարդ: Դպրոցում ուսուցանում են հայոց լեզու, գրականություն, կրոն, պատմություն, հայկական երգեր ու պարեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել