Բանավիճել սովորում են տարիների ընթացքում, անցած ճանապարհի ու այդ ճանապարհին, ինչու ոչ, նաև տարբեր սխալներ գործելու արդյունքում։

Նորմալ է, որ նոր իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում հավասարը հավասարի հետ բանավիճել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։ Հաշվի առեք, որ նորերի կյանքում սա իրենց առաջին պետական պաշտոնն է, ու դեռ չեն տիրապետում դրա գաղտնիքներին, թվերի լեզվին, խոսակցությունը ճիշտ պահին շրջանցելու արվեստին։

Իսկ նախկին իշխանության ներկայացուցիչներն ունեն հսկայական տարիների պաշար, անգիր գիտեն, թե որ թվի վրա կենտրոնանան, որը շրջանցեն, որ հարցի պատասխանները երբեք իշխանությունը չի կարող տալ, քանի որ տարիներ շարունակ իրենք են եղել նորերի փոխարեն ու շատ լավ գիտակցում են, թե իշխանության համար կոնկրետ որ հարցն է անհարմար ու որի տակից չեն կարողանալու դուրս գալ։

Նորերին կարելի է ավելի շատ խորհուրդ տալ, որպեսզի գոնե այս շրջանում հեռու մնան բանավեճերից, ավելի լավ ա գլուխները կախ իրենց աշխատանքի մեջ խորասուզվեն, քանի որ դեմ առ դեմ որևէ հանդիպման ժամանակ չեն կարողանալու ավելի լավ խոսել կամ, որ ավելի ճիշտ է, ավելի լավ խաբել, քան նախկինները։ Բանավեճերի մեջ մտնելու համար դեռ երկար փորձ պետք է ձեռք բերեն որպես իշխանության ներկայացուցիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել