Armenpress.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին կամ որոշում կկայացնի դիմել Սահմանադրական դատարան, կամ կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, կամ ազատ արձակել: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննության ավարտից հետո:

«Բոլոր միջնորդությունները և ապացույցները ներկայացված են, ինչ հարց կար քննարկելու, բոլորը քննարկված են: Հույս ունենք, որ որոշումը կլինի օբյեկտիվ: Դատարանը փաստարկները ցանկություն ուներ լսելու, թե ինչքանով կուզի և թե ինչքանով ի վիճակի կլինի օբյեկտիվ որոշում կայացնել, կերևա ուրբաթ օրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Հարցին, թե որոշումից հետո Սահմանադրական դատարան ուղղորդելու մասը կվերանա, փաստաբանն ասաց, որ ուրբաթ օրվա հնարավոր տարբերակներից մեկն է, որ դատարանը որոշում կայացնի դիմել ՍԴ և այս վարույթը կասեցնել մինչև ՍԴ-ի կողմից որոշում կայացնելը, և մյուս տարբերակն է՝ որոշի, որ ՍԴ դիմելու հիմքեր չկան, և հարցին լուծում տա:  

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ գլխավոր դատախազը մասնակցում էր դատավարությանը բավականին ակտիվորեն: «Մեր ցանկացած միջնորդության վերաբերյալ ակտիվ առարկում էր, նույնիսկ՝ եթե խնդրում էինք երկու րոպեով ընդմիջել»,- ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:

Վերաքննիչ քրեական արդեն 5-րդ օրն է շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Ռ. Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել