Yerkir.am-ը գրում է.

Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը չանցկացնել, որպեսզի աշխատանքային կարգով քննարկեն լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնան գագաթնաժողովին: «Ես համաձայնեցի, որովհետև աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները` մինչև որևէ կոնսենսուսի հասնելը»,- ասել էր վարչապետի պաշտոնակատարը:

Այսօր, սակայն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով:

Այս կապակցությամբ Yerkir.am-ը պարզաբանում խնդրեց վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանից:

«Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում»,- տեղեկացրեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել