168.am-ը գրում է.

Հայաստանում առաջիկա 5 տարիներին լրջորեն պետք է զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը: Եղեգնաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմաարդյունաբերական համալիրը տնտեսության այն ոլորտն է, որ թողարկում է որոշակի ռազմական կամ երկակի նշանակության արտադրանք: 21-րդ դարը մեզ այդ հնարավորությունը տալիս է: Հայաստանի Հանրապետությունում՝ իր տարածքով, երևի թե, չի կարող կամ շատ դժվար կլինի, օրինակ՝ Տ-90 տանկերի արտադրություն հիմնել, բայց երբ ասում ենք, որ Հայաստանը պետք է լինի բարձրտեխնոլոգիական արդյունաբերական երկիր, նկատի ունենք, որ 21-րդ դարում նաև ռազմաարդյունաբերության տրամաբանությունն է փոխվել: Եթե առաջ ինքնաթիռները ուրիշ տրամաբանություն ունեին, հիմա անօդաչու փոքր ինքնաթիռներ են արտադրվում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ներկայումս Հայաստանում արդեն իսկ կա անօդաչու թռչող սարքերի արտադրություն, սակայն, այդ արտադրությունը առանձնակի ուշադրության և նոր զարգացման կարիք ունի:

«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու ռազմաարդյունաբերական, բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկմանը: Հույս ունենք, որ առաջիկա տարիներին մեզ կհաջողվի ռազմաարդյունաբերական համալիրը իսկապես դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ: Մեզ դա կօգնի ոչ միայն հազարավոր աշխատատեղեր ստեղծել, այլև կօգնի շատ ավելի ինքնուրույն դարձնել Հայաստանի անվտանգության կարիքները: Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեզ համար լինելու է կատարյալ և բացարձակ առաջնահերթություն»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Հայաստանում կան ձեռնարկություններ, որոնք կարող են կատարել Հայաստանի զինված ուժերի պատվերները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել