Operativ.am-ը գրում է

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նիկոլյան «ՌուսԱրմԻնֆո» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է հիմնադրամի գործունեության և Երևանում Ազնավուրի անվան կենտրոնի ստեղծման ծրագրերի մասին:

Նրա խոսքով՝ 2017-ին ստեղծված հիմնադրամը կշարունակի իրագործել բոլոր հիմնական նախագծերը, որոնք շանսոնյեի նախաձեռնությամբ իրականացվում էին 1988-ի երկրաշարժից հետո: Դրանց թվում են սոցիալական նշանակություն ունեցող նախագծերը Գյումրիում, կրթական ծրագրերը և մշակութալուսավորչական նախաձեռնությունները:

Գլխավոր նախագիծը լինելու է Ազնավուրի կենտրոնի ստեղծումը Երևանի «Կասկադ» համալիրի գագաթին: «Որոշ ժամանակ շենքը դատարկ է մնացել: Հորս ժամանակ էր պետք հայեցակարգը մշակելու համար, մենք երկու տարի աշխատել ենք դրա ուղղությամբ: Նա ինքը դեմ էր թանգարանի գաղափարին և ցանկանում էր կենդանի մի վայր ստեղծել, որտեղ բոլորն աշխատանքով կզբաղված կլինեն», - ընդգծել է Նիկոլյա Ազնավուրը:

Նրա խոսքով՝ Ազնավուրի կենտրոնում թանգարանային հատվածը նվիրված կլինի արտիստի կյանքին և մշակութային ժառանգությանը: Ընտանիքը կենտրոնին կնվիրի մաեստրոյի դաշնամուրը, նրա ձայնագրությունները և անձնական իրերը:

Կենտրոնի տարածքում կստեղծվի իր տեսակի մեջ առաջին ֆրանսիական ինստիտուտը տարածաշրջանում՝ մեդիադարանով, ցուցասրահով, կինոսրահով և հանգստյան գոտիով:

«Միտքն այն է, որ այստեղ կարելի է ժամանակ անցկացնել մեդիադարանում՝ գիրք կարդալ, ֆիլմ նայել, այցելել թանգարանային հատված՝ հորս կյանքի մասին ավելին իմանալու համար, սուրճ ըմպել՝ դեպի Արարատ բացվող տեսարանի ներքո», - ասել է Նիկոլյան:

Շանսոնյեի որդին նշել է, որ ինստիտուտի կրթական ծրագիրը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, իսկ տրամադրված վկայականները կընդունվեն Ֆրանսիայի կողմից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան ևս մեկ հարցազրույց էր տվել՝ հայտնելով, որ պատրաստվում է հայերեն սովորել և մտադիր է մշտական բնակություն հաստատել Հայաստանում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել