Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թրամփը նշել է, որ Բուշ ավագը մեծ գործիչ է եղել, ով ունեցել է առաջնորդի բարձր որակներ ու ոգեշնչել է ամերիկացիների շատ սերունդներ:

«Մելանիան և ես միանում ենք մեր ողջ ժողովրդի վշտակցությանը՝ կապված նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան հետ: Մեր սրտերը կիսում են կորստի ցավը, մեր աղոթքներն ենք հղում Բուշի ընտանիքին»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ Ջորջ Բուշ ավագի ղեկավարման տարիները հանգեցրել են ԱՄՆ բարգավաճման:

Միացյալ Նահանգներում նոյեմբերի 30-ին 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը, ով երկրի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում 1989-1993 թվականներին: Կյանքի վերջին տարիներին Բուշ ավագը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ և ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել