Թե՛ բժշկության, թե՛ հոգեբանության մեջ ռեաբիլիտացիան/առողջացումը պահանջում է խնդրի/հիվանդության գիտակցում և ճիշտ ախտորոշում։

Բժշկության մասով՝ պետք է նախ ճիշտ կանխորոշել հիվանդությունը, իսկ հետո հիվանդի օրգանիզմը պետք է տոլերանտություն չդրսևորի հիվանդության նկատմամբ, իսկ դրա համար հիվանդը պետք է գիտակցի, որ ունի տվյալ հիվանդությունը, և որ դրա դեմ պետք է պայքարել։

Հոգեբանության մեջ ամեն ինչ նույնիսկ ավելի կատեգորիկ է․ եթե պացիենտը հստակ չի գիտակցում, որ ինքն ունի խնդիր ու, գիտակցելուց զատ, կամային պայքարի պատրաստ չէ այդ խնդրի դեմ, ապա ոչինչ ու ոչ ոք չի կարող օգնել նրան, որպեսզի հաղթահարի այդ խնդիրը։

Այս սկզբունքները տարածվում են նաև հասարակության վրա։ Այսպես՝ մենք լավ չենք ապրելու, ավելի բարեկեցիկ ու արդյունավետ պետություն չենք ունենալու, մինչև չհասկանանք, որ մեր հասրակությունն ունի լուրջ «հոգե-առողջական» խնդիրներ, ու էդ խնդիրներն անհատները չեն՝ լինի դա Տեր-Պետրոսյանն՝ իր թիմի հետ, Քոչարյանն՝ իր թիմի հետ, Սարգսյանն՝ իր թիմի հետ ու նույնիսկ Փաշինյանն՝ իր թիմի հետ։ Խնդիրը հասարակության մեծ շերտերի մոտ հիշողության ու ռեֆլեքսիայի, պատասխանատվության ու պարտավորության ցածր կամ էլ նույնիսկ գոյություն չունեցող մակարդակն է։

Ու երբ x ամիս հետո, երբ արդեն անիծելիս լինեք Նիկոլի ռեժիմը, չշտապեք թռչել նոր «փրկչի» գիրկը։ Երբ անիծելիս լինեք Նիկոլի ռեժիմը, հիշեք, որ մեծ հավանականությամբ ինքներդ ձեզ եք անիծում, որովհետև դուք էիք նրա համար փողոց փակում, դուք էիք նրան 80 տոկոս քվե տվողների մեջ ավագանու ընտրությունների ժամանակ և ավել քիչ տոկոս (հուսով եմ)՝ պառլամենտական ընտրությունների ժամանակ, դուք էիք, որ հանդուրժում էիք նրա ու նրա թիմի բոլոր սխալները, բացթողումերն ու դիտավորությունները և, վերջապես, դուք էիք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նույն այն թեզերի կյանքի կոչմանը, որոնք անցած ընտրություններին արժանացան ընդամենը 2%-ի աջակցությանը, սկսեցիք ծափահարել 2018-ի նոյեմբերին։ Ճիշտ այնպես, ինչպես դուք էիք, մեծ հավանականությամբ, մինչև 2018 թվական ընտրակաշառք վերցնում ու կիսագողական արժեհամակարգով ապրում, ճիշտ այնպես, ինչպես դուք էիք մեծ հավանականությամբ Սովետի ժամանակ պահեստից կոխում, ֆառցովկա անում ու կաշառակերության համատարած ինստիտուտ էիք կայացնում։

Մեր հասարակությունը խնդիրներ ունի, և այդ խնդիրները չի կարող լուծել ոչ ոք, մինչև նույն այդ հասարակությունը չգիտակցի, որ խնդիրներ ունի, և որ այդ խնդիրները հաղթահարել է պետք, և անի այն նույնքան մասսայաբար, որքան անում էր դըմփ-դըմփ-հու ապրիլ-մայիսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել