168.am-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճը իջեցնել հայհոյանքի աստիճանի, դա շարքային սադրանք է, դա նրան չի հաջողվի։ Ես և իմ այսօրվա գործընկերները որևէ դեպքում չենք իջնի այդ մակարդակին»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ «երիտթևի» ներկայացուցիչ է։

Շահնազարյանի խոսքով՝ այդ հայտարարությունը մեկ անգամ ևս վկայեց, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց. «Եթե հիշում եք՝ նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ես եմ բանակցել, այնպես որ՝ անիմաստ հայտարարությունները մեկնաբանելու կարիք չունեմ։ Եթե ցանկանում են՝ ես նրանց հրավիրում եմ բանավեճի հենց Արցախի հարցով. Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարարին կամ որևէ մեկին, որը կհայտարարի, որ այդ հարցում ներկայացնում է ներկայիս կառավարությունը»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան Դավիթ Շահնազարյանի այն հայատարարության, թե իրականացվում է իշխանություն՝ Արցախի փոխարեն ծրագիրը, ասել էր՝ նման հայտարարություն անում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տասը տարի վարել է Ղարաբաղը հանձնելու քաղաքականություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել