Դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցը։

Զեկույցում նախ հիշեցում է արվում, որ համաձայն օրենքի՝ ԿԸՀ-ն պարտավոր է ընտրություններից հետո սքանավորել և հրապարակել բոլոր ստորագրված ընտրացուցակները և տեղադրել դրանք ԿԸՀ կայքում: Սա ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության (ԸԴԱ) մի շարք զրուցակիցների մոտ անհանգստություն է առաջացրել քաղաքացիների տվյալների գաղտնիության մասով: «Բոլոր կուսակցություններն ու դաշինքներն ապահովել են 25 % սեռային քվոտան։ Թեկնածուների գրանցման գործընթացի վերաբերյալ որևէ մտահոգություն չի արտահայտվել»,-գրված է զեկույցում:

Նշվում է, որ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին. «Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին, սակայն վաղաժամ քարոզչությունը չի արգելվում : ԺՀՄԻԳ ԸԴԱ և կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում վերջիններս վստահություն հայտնեցին ազատ քարոզարշավի անցկացման հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, որոշ զրուցակիցներ մտահոգություններ հայտնեցին պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես գյուղական տարածքներում : ԺՀՄԻԳ ԸԴԱ –ի բ զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ հայտնեցին անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում»:

Նշվում է, որ որոշ քաղաքական կուսակցություններ հայտարարեցին ԶԼՄ-ներին և ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ նոյեմբերի 19-ին գործող վարչապետի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նա այցելել էր շինհրապարակ և մասնակցել էր քաղաքում անցկացվող տոնակատարությանը, եղել է վարչական ռեսուրսի չարաշահում:

Ասվում է նաև, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, մասնավորապես, դարձել է քաղաքական տեղեկատվության և բանավեճի նշանակալից հարթակ: 
ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ մատնանշել են որոշակի բարելավումներ, սակայն հանրային դիսկուրսը որակել են որպես ոչ նպաստավոր գործող կառավարության, մասնավորապես վարչապետի հասցեին քննադատությունների համար:

«Բոլոր մրցակիցները բացել են քարոզարշավի համար նախատեսված հատուկ բանկային հաշիվներ: Որոշ կազմակերպչական ծախսեր, ինչպես օրինակ՝ գրասենյակի տարածքի վարձավճարը, կարող են չկատարվել քարոզարշավի հիմնադրամից: Մուծումներ կարող են ընդունվել ընտրողներից, թեկնածուներից և քաղաքական կուսակցություններից: Սակայն, օտարերկրյա կամ անանուն աղբյուրներից մուծումներ չեն թույլատրվում: Քարոզարշավի հիմնադրամի վերահսկումն իրականացվում է ԿԸՀ Վերահսկիչ - վերստուգիչ ծառայության (ՎՎԾ) կողմից»,-ասված է զեկույցում:

Զեկույցն ամբողությամբ կարող եք տեսնել այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել