Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Հայաստան-Արցախ հարաբերությունները եղել են այնպես, որ երկու պետությունների ղեկավարներն էլ ժամանակ առ ժամանակ միջամտել են միմյանց գործերին, եթե դրա կարիքը եղել է: Ժամանակ առ ժամանակ խորհուրդներով կամ հարցերի լուծման տարբեր եղանակներով ազդեցություն եղել է թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի կողմից: Եթե մեկը հակառակում կփորձի ձեզ համոզել, ապա վստահ կարող եք ասել, որ նա խաբում է:

Սակայն Հայաստանում տեղի ունեցող հեղափոխության ընթացքը երևի առաջինն էր ամբողջ պատմության մեջ, որ Արցախի իշխանության կողմից չեղավ որևէ աջակցություն Հայաստանի՝ այդ ժամանակ դեռ գործող իշխանությանը: Դրա մասին նույնիսկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ով ամբիոնից շնորհակալություն հայտնեց արցախցիներին և անձամբ Բակո Սահակյանին, որ նա որևէ կերպ չի փորձել ազդել ժողովրդի բողոքի ցույցերի վրա:

Այս ամենը հաշվի առնելով՝ մենք պետք է հասկանանք, որ գոնե մինչև հիմա Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարված չեն: Ու իրականում դրա իմաստն էլ չկա: Ու հետագայում որպեսզի խուսափենք երրորդ ուժի կողմից այս ամենը սխալ ներկայացնելու փորձերից, ապա երկու կողմերն էլ պետք է փորձեն որքան հնարավոր է քիչ շոշափել Արցախի վիճակին վերաբերող հարցերը, քանի որ ցանկացած հայտարարություն՝ նույնիսկ ամենաանվնասը, իրենից ենթադրում է, որ հակառակ կողմից պետք է լինի պատասխան: Իսկ այդ պատասխանների արդյունքը մենք արդեն տեսանք, երբ վարչապետի պաշտոնակատարին պատասխանում է նախագահի խոսնակը, հետո՝ էլի նույն վիճակը և այլն:

Արցախը և Հայաստանն անձերի հարաբերություններ չեն, դա մեկ ազգի պատմություն է, որը չպիտի խառնել քաղաքականությանը ու փորձել դրա վրա քաղաքական հիմքեր գցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել