Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որը սպասվում էր Արգենտինայում՝ նոյեմբերի 30-ին ու դեկտեմբերի 1-ին կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Այսպիսի որոշում Թրամփը կայացրել է՝ ծանոթանալով Կերչի նեղուցում տեղի ունեցածի վերաբերյալ զեկույցի հետ։

«Հաշվի առնելով այն փաստը, որ ուկրաինական նավերն ու նավաստիները չեն վերադարձվել Ուկրաինա Ռուսաստանից, ես որոշել եմ, որ բոլոր կողմերի համար լավ կլինի չեղարկել իմ պլանավորված հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում»,-թվիթերում գրել է Թրամփը։

Այս գրառումից 1 ժամ առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «հիմա շատ լավ ժամանակ է» Պուտինի հետ հանդիպելու համար։

Նախօրեին էլ Թրամփը խոսելով Կերչի նեղուցում նոյեմբերի 25-ին ռուս-ուկրաինական բախման մասին, ասել էր, որ «իրեն դուր չի եկել» Ռուսաստանի կողմից ուկրաինական 3 նավերի առգրավումն ու կոչ էր արել ԵՄ առաջնորդներին «միջամտել»։ Թրամփը, սակայն, քննադատություններ չէր հնչեցրել նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել