Դերասանուհի Եվան Զոհրաբյանն Իստագրամում ունի 56.000 հետևորդ, նա հաճախ է իր էջը թարմացնում ոճային լուքերով, որտեղ դերասանուհին գրագետ ներկայացնում է իր ոճը՝ համադրելով մասս մարկետը բրենդային հագուստի հետ: BlogNews.am-ի հետ զրույցում «Ոսկե դպրոց»-ի թերևս ամենաոճային դերասանուհին պատմել է, թե ինչպես է ընտրում հագուստը, ինչպես է համադրում և ում կարծիքն է հաշվի առնում:    

Սեփական ոճի մասին

Սիրում եմ միշտ լինել տարբեր, համադրել առաջին հայացքից չհամադրվող հագուստը, սիրում եմ ստեղծագործել անգամ ոճի մեջ: Ինքս եմ որոշում ինչ հագնել, բայց մայրիկիս կարծիքն ինձ համար ամենակարևորն է: Լինում են, չէ՞, դեպքեր, երբ քեզ թվում է, թե ամեն ինչ շատ լավ է, որովհետև հագածդ համահունչ է ներաշխարհիդ հետ, բայց ուրիշի աչքով գուցե որևէ բան այնպես չէ կամ էլ պակաս: Սիրում եմ թե՛ բարձրակրունկներ և թե՛ բոթասներ՝ կախված նրանից՝ ուր եմ գնում:

Չեմ հագնի այնպիսի հագուստ, որն արդեն նորաձևությունից դուրս է: Հետևում եմ նորաձևությանը, բայց կարծում եմ՝ կան այնպիսի շորեր, որոնք ակտուալ են մնում երկար ժամանակ։

Կարևոր միջոցառումների գնալիս, անկեղծ կլինեմ, շատ եմ խառնվում իրար: Ինձ համար ամեն մանրուք շատ կարևոր է, բայց նաև կարողանում եմ շատ շուտ հավաքվել և ստեղծել այդ օրվա իմ կերպարը: Առհասարակ, խնդիր չունեմ, երբ տեսնում եմ իմ հագուստից ուրիշի հագին, քանի որ յուրաքանչյուրի վրա այլ կերպ է նայվում: Կարծում եմ՝ ոչ թե հագուստն է գեղեցկացնում մարդուն, այլ հակառակը:

Օնլայն և արտերկրում գնումներ անելու մասին

Օրինակ՝ Փարիզից շատ գեղեցիկ հագուստներ էի ինձ համար բերել։ Այնտեղ տեսականին բավականին շատ էր և բազմազան՝ թե՛ բրենդային և թե՛ մասս մարկետից: Ինձ այնտեղից գնումներ կատարելը շատ դուր եկավ: Ինձ համար նաև շատ հեշտ է օնլայն գնումներ կատարելը, քանի որ ես շատ արագ եմ կողմնորոշվում․ եթե դուրս գալիս է, միանգամից ձեռք եմ բերում: Եթե անգամ ինձ վրա մի փոքր մեծ է լինում, խնդիր չէ, եթե հավանում եմ, հաճույքով կրում եմ:

Լինում է, երբ ինչ-որ բանից ոգեշնչվում եմ կամ էլ ինչ-որ մեկով և գնում եմ խանութ՝ ձեռք բերելու տվյալ կերպարը: Բայց եթե ինձ սազում է, իհարկե, իսկ եթե ոչ, միայն հիանում եմ:

Հագուստից կախվածության մասին

Կարծում եմ՝ ունեմ կախում: Սիրում եմ գեղեցիկ տեսքով ներկայանալ, իսկ զգեստապահարանումս գերակշռում է սև գույնը: Երբեմն լինում են դեպքեր, երբ ամբողջ աշխատավարձս վատնում եմ հագուստ գնելու վրա։ Սիրում եմ թանկարժեք իրեր, չեմ սիրում անորակ հագուստ: Սիրում եմ, երբ համահունչ ես լինում բնության, եղանակի և ներսիդ տրամադրության հետ: Ամեն ինչի մեջ պետք է հարմոնիա լինի: Իհարկե, կան բաներ, որոնք երբեք չեմ հագնի: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Johny Core-ի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել