Նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ հանդիպելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Վայոց ձորում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես և մարզը սպասարկող ոստիկանության ծառայողներին։ 

Վայոց ձորի մարզում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցում էր նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը, ոստիկանության պետն ընդգծել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքներով առաջնորդվելու կարևորությունը։ Վալերիյ Օսիպյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքով արտահերթ ընտրությունները կանցկացվեն բացառապես քաղաքացու ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա։ 

Ոստիկանության պետը ներկաներին վստահեցրել է, որ համակարգն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին և ինչպես Երևանի ավագանու ընտրություններին, այնպես էլ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ հետևողականորեն արձագանքելու է ցանկացած ահազանգի և ապօրինության։ Այս համատեքստում կտրամադրվեն ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն, քանի որ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելված գործողությունների մասին։ 

«Մենք համատեղ ջանքերով պետք է կանխենք ու բացահայտենք ընտրական գործընթացի վրա ցանկացած հակաօրինական ներգործություն․ դա բխում է բոլորիս շահերից»,- ամփոփել է Վալերիյ Օսիպյանը։ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության անձնակազմի հետ հանդիպմանը Վալերիյ Օսիպյանը ամփոփ ներկայացրել է իր պահանջները։ Ոստիկանները առհասարակ, բայց հատկապես ընտրությունների օրը պետք է անթերի կատարեն օրենքով իրենց վերապահված պարտականությունները։ 

Պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու դեպքերը, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը և այլն։ Ոստիկանության պետը տեղեկացրել է, որ թերացումների դեպքում խստագույնս պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վայոց ձորի մարզի օպերատիվ իրավիճակին, նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, ինչպես և քրեածին տարրերի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել