Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթող անկախ թեկնածու, երկրի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին առաջին հայտարարությունն է արել էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո:

Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, նախնական արդյունքների համաձայն՝ ձայների 59,56 տոկոսը ստացած թեկնածուն նախևառաջ ընտրողներին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար:

«Նախևառաջ ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Այսօր շատ կարևոր օր է: Այսօր մեր երկրում սկզբունքային ընտրություն է կատարվել: Եվ այդ ընտրությունն այսօրվա ու վաղվա Վրաստանի համար մեծ նշանակություն ունի: Մենք միասին վերջնականապես ու վստահաբար հրաժարվեցինք անցյալից ու նրանից, ինչը կխանգարեր մեր հասարակության ամրապնդմանը, առաջընթացին ու ազատագրմանը»,- ասել է Զուրաբիշվիլին՝ միևնույն ժամանակ ընդգծելով երկրի զարգացման հարցում հասարակության միասնականության կարևորությունը:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող քաղաքական գործիչն իր խոսքում նաև նշել է, որ ցանկանում է Վրաստանը խաղաղ ու ազատ տեսնել, իսկ նրա քաղաքացիներին՝ իրավահավասար:
«Այսօր խոստանում եմ, որ ուժերիս ներածին չափով ամեն ինչ կանեմ մեր միասնականության համար»,- ասել է Զուրաբիշվիլին, որը մեծ տարբերությամբ առաջ է անցել իր մրցակցից՝ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեից, որը ստացել է 40,44 տոկոս ձայն: 

Աղբյուրը հավելում է, որ էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո Զուրաբիշվիլիի աջակիցները մեքենաներով դուրս են եկել փողոց՝ տոնելու նրա հաղթանակը:

Համապատասխան տեսանյութը հրապարակված է ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել