Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանությունների արշավը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների նկատմամբ նոր դրսևորումներ է ստանում: Եթե վերջին մի քանի տարիների ընթացքում հետապնդումները հիմնականում կապված էին 2016թ. հեղաշրջման փորձի և գյուլենականների հետ առնչությունների մասին մեղադրանքներով, ապա այժմ սկսել են ձերբակալվել ավելի վաղ շրջանում ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած անձինք: Այս անգամ թիրախում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից հիմնադրված «Բաց հասարակություն հիմնադրամն» է, որն արդեն իսկ հայտարարել է Թուրքիայում իր գործունեության դադարեցման մասին: Նման որոշման պատճառ դարձավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, որում նա մեղադրեց Սորոսին Թուրքիայում պառակտում մտցնելու փորձի մեջ՝ նշելով, որ 2013 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ցույցերը ֆինանսավորվել են վերջինիս հիմնադրամի կողմից։ Հատկանշական է, որ նման մեղադրանքները թուրքական մի շարք լրատվամիջոցների կողմից շրջանառվում են արդեն մի քանի ամիս:  

Նշենք, որ Թուրքիայում այս տարվա հուլիսին արտակարգ դրության ռեժիմի չեղարկումից հետո սա առաջին դեպքը չէ, որ երկրի իշխանությունները ճնշումներ են գործադրում քաղհասարակության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների նկատմամբ: Ինչպես և կանխատեսվում էր, Էրդողանը շարունակում է իր իշխանության ամրապնդմանն ուղղված քայլերը՝ փորձելով «ազատվել» բոլոր հնարավոր խոչընդոտներից: Օրեր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ձերբակալվել է 13 ակադեմիկոս, լրագրող և ակտիվիստ (որոնցից 8-ն այնուհետև ազատ են արձակվել՝ երկրից դուրս չգալու պայմանով), ովքեր կրկին մեղադրվում են 2013 թվականի Գեզիի դեպքերին աջակցելու մեջ: Հատկանշական է, որ ձերբակալված ակադեմիկոսները «Անադոլու Քյուլթյուր» կազմակերպության անդամներն են, որի ղեկավարը՝ իրավապաշտպան Օսման Քավալանը, ձերբակալվել էր ավելի վաղ՝ 2017թ.: Նա հայտնի է հայերի նկատմամբ իր դրական վերաբերմունքով, եղել է Հայաստանում, հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև կարևորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել