ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի Աիդա Թորոսյանը նոր մասնագիտություն ունի՝ զբաղվում է դիետոլոգի աշխատանքով, իսկ դրան հասնելու համար վերջինս բավականին լուրջ մասնագիտացում է ստացել: Իր ինստագրամյան էջում դերասանուհին ցույց է տալիս, թե ինչպես է մարզվում, ինչպես է պետք ճիշտ սնվել, ինչպես նաև մասնագիտական խորհուրդներ: Այս ամենի մասին Աիդան պատմել է BlogNews.am-ին:

«Առհասարակ, միշտ հետաքրքրվել եմ ոչ ավանդական բժշկությամբ, սակայն սննդաբանությունն ու դիետոլոգիան առանձնացրի որպես ինձ ամենից շատ հետաքրքրող ոլորտ: Մեր օրերում անհիմն, սիրողական ինֆորմացիաների հոսքը չափազանց շատ է, յուրաքանչյուր անկյունում լսում ես խորհուրդներ ճիշտ սնվելու, առողջ ապրելու, նիհարելու կամ գիրանալու «լավագույն» տարբերակի մասին, որոնք արվում են այնքան անլուրջ ու մակերեսային մակարդակով, որ իսկապես անհանգստանալու տեղիք է տալիս: Որոշեցի, որ ինքս պետք է լուրջ մասնագիտական կրթություն ստանամ և սկսեցի ուսումնասիրել ոչ միայն սննդաբանությունը, այլ նաև դրա այլ հարակից առարկաները, որոնք փոխկապակցված են մասնագիտությանս հետ՝ կենդանաբանություն, հոգեբանություն, քիմիա և խոհարարություն: Սա մասնագիտություն է, որի համար պետք է անընդմեջ սովորել։ Պարբերաբար գիտական փորձարկումների արդյունքում նոր բացահայտումներ են առաջ գալիս, որոնք նախկինում միգուցե հերքվել են. այսինքն՝ ձեռքդ ամեն պահի պետք է պահած լինես այս ոլորտի զարկերակին»:

Աիդան նշում է, որ այն ամենը, ինչ խորհուրդ է տալիս, կա՛մ առաջինն իր վրա է փորձարկում, կա՛մ հիմնվում է խորը գիտական ուսումնասիրությունների վրա. «Երբեք խորհուրդ չեմ տա մի բան, որում վստահ չեմ: Այս գործում չափազանց կարևոր է անհատական մոտեցումը, այդ իսկ պատճառով չունեմ մեկ գծած մեթոդ»:

Դերասանուհու առավոտը սկսվում է մեծ բաժակ գոլ ջրով, որի մեջ երբեմն ավելացնում է կիտրոնի հյութ կամ քացախ՝ մարսողության ճիշտ մեկնարկի համար: «Ես անցել եմ գրեթե բոլոր դիետաների միջով, ինձ վրա կատարել ամենատարբեր փորձարկումներ և հիմա շնորհակալ եմ, որ մարմինս այդքանից հետո դեռ չի հրաժարվել ինձանից: Հիմա ես բալանսի մեջ եմ, չեմ զրկում ինձ ոչնչից: Բուսակեր եմ, չեմ ուտում միս և կաթնամթերք: Սա իմ ընտրությունն է, որը չեմ փաթաթում կամ պարտադրում հաճախորդներիս»:

«Յուրաքանչյուր մասնագիտություն, երբ անմիջականորեն գործ ունես մարդ էակի հետ, չափազանց պատասխանատու է։ Որպեսզի հիասթափություններ չլինեն, ես ի սկզբանե ներկայացնում եմ իրական պատկերը, թե որտեղ է հաճախորդը, ինչ է իրեն սպասվում եւ որքան ժամանակում կհասնի նկատելի արդյունքի։ Սովորաբար բոլորս շտապում ենք եւ ցանկանում միանգամից տեսնել արդյունքը, սակայն օպտիմալ, մնայուն արդյունք տեսնելու համար առնվազն վեց ամիս է պետք։ Այս ընթացքում մարդն անցնում է տարբեր ֆիզիկական, էմոցիոնալ, եղանակային փոփոխությունների միջով, իրար են հաջորդում ոգեւորվածությունը, հիասթափությունը, ձեռք բերած սովորությունները դառնում են առավել հիմնավոր և մնայուն»,- նշում է Աիդան։

Դիետոլոգի մասնագիտության մեջ հմտացած Աիդան ասում է, որ յուրաքանչյուրի համար մշակում է ինդիվիդուալ սննդակարգ, չի նշանակում այնպիսի դիետա, որի արդյունքում միգուցե հնարավոր է արագ կորցնել կիլոգրամները, բայց մնալ քաղցած, հոգեբանորեն ճնշված, էներգիայից զուրկ եւ որոշ արդյունքի հասցնելուց հետո նորից հետ գալ նույն քաշին․ «Իմ սկզբունքն է սովորեցնել հավասարակշություն և չափի զգացողություն: Վայելելով կյանքը՝ աստիճանաբար հասնել երազած նպատակին։ Աշխատում եմ նաեւ օնլայն տարբերակով, անընդհատ կապի մեջ եմ հաճախորդներիս հետ եւ, կարելի է ասել, նրանց հետ զուգահեռ անցնում եմ մեր գծած ճանապարհը»։

Ի դեպ, քաղցրակեր դերասանուհին նշում է, որ ստեղծել է իր իսկ ընկերությունը, որն արտադրում է առողջ թխվածքաբլիթներ՝ զուրկ ավելորդ շաքարից, ալյուրից, կաթնամթերքից և որևէ տեսակի արհեստական հավելումներից:

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել