168.am-ը գրում է.

«Պետությունը պետք է ամեն ինչով ծառայի քաղաքացիներին, ոչ թե քաղաքացիներին ծառայեցնի իրեն»,- այսօր Այնթապում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։

Նա կարևորեց սմարթ կենտրոնների ստեղծումը տարբեր համայնքներում՝ ընդգծելով, որ ՏՏ ոլորտում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, բայց չկան համապատասխան մասնագետներ։ ԼՀԿ-ն գտնում է, որ հայկական Սփյուռքի և պետության համագործակցությամբ հնարավոր է նման կենտրոններ կառուցել.

«Այդպիսի կենտրոն արդեն կառուցվել է Լոռու մարզում, և մի քանի գյուղերի աշակերտներ տարբեր խմբակների են հաճախում։ Սա շատ կարևոր է, որ կարողանանք նմանատիպ բարձր որակի ծառայությունը տանել նաև մարզեր։ Մենք ունենք լավ ընկերներ Սփյուռքում, ովքեր, եթե վստահ լինեն, որ նրանք կստանան մեր աջակցությունը, կարող են այդ ծառայությունը բերել համայնքներ»։

Ըստ նրա՝ պետք է ունենալ այնպիսի խորհրդարան, որտեղ եղած քաղաքական ուժերը վստահություն են ներշնչում. «ԼՀԿ-ն ունի այդ հնարավորությունը, կապերը, ունենք նմանատիպ խոստումներ, աջակցեք մեզ, որ կարողանանք ունենալ այդ ամենը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել