Operativ.am-ը գրում է

Հայաստանի պետական կամերային նվագախումբը երկար դադարից հետո երաժշտասերներին ներկայացրեց Առնոլդ Շյոնբերգի «Պայծառակերպված գիշեր» ստեղծագործությունը: Նոյեմբերի 26-ին ՀՊԿՆ-ը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, համերգով հանդես եկավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: «Պայծառակերպված գիշեր» խորագրով երեկոյին հնչեցին նաև Յ. Ս. Բախի Դաշնամուրի կոնցերտ ռե մինոր, Գ. Ֆ. Հենդելի Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես եկան Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր) և Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):

«Շյոնբերգի «Պայծառակերպված գիշեր»-ը վաղուց չէինք կատարել: Այն Կամերային նվագախմբի երկացանկի ամենակարևոր ստեղծագործություններից մեկն է: 20-րդ դարի սկզբի ամենանշանակալից գործերից է, շատ բարդ ստեղծագործություն: Միաժամանակ, մտածեցինք համերգին ներկայացնել Բախի և Հենդելի գործերը, այդպիսով՝ մեկտեղելով բարոկկո և պոստռոմանտիզմի շրջանի ստեղծագործություններ»,-նշում է Վահան Մարտիրոսյանը:

ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորի խոսքով՝ մենակատարներից Թերեզա Ոսկանյանի հետ նվագախումբը բազմիցս է համագործակցել, իսկ Նարինե Ենգիբարյանի հետ հանդես էին գալիս առաջին անգամ:

Նշենք, որ Առնոլդ Շյոնբերգը ստեղծել է «Պայծառակերպված գիշեր»-ը 1899 թվականին: Այն ստեղծվել է ընդամենը երեք շաբաթում և կոմպոզիտորի վաղ շրջանի ամենակարևոր ստեղծագործությունն է: Շյոնբերգը ոգեշնչվել է Ռիխարդ Դեմելի համանուն պոեմից: Պոեմի հերոսները երկուսն են՝ կին և տղամարդ: Ցուրտ երեկո է, նրանք կողք կողքի քայլում են: Կինը խոստովանում է, որ դավաճանել է տղամարդուն, վերջինս էլ ներում է նրան:

Հավելենք, որ Կամերային նվագախմբի հաջորդ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին: Նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչելու է Բրուքների «Ռեքվիեմ»-ը, համերգը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել