Եթե ուզում ենք, որ այս ընտրությունները հետագայում ձևավորեն աշխատունակ ԱԺ, ապա եկեք նվազագույնը գոնե ծանոթանանք կուսակցությունների ծրագրերի բովանդակությանը, այլ ոչ միայն ճարտար լեզվի ելևէջներին։
.... 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիր

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Մենք կոչ ենք անում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձեր ձայնը տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Քանզի
 Մենք գիտենք, թե Հայաստանի Հանրապետությունն ինչպես դուրս բերել սոցիալական և տնտեսական ծանրագույն ներկա վիճակից:
 Մենք կիրականացնենք տնտեսական հեղափոխություն մեր երկրում` նպաստելով աննախադեպ խոշոր ներդրումների ներգրավմանը, տասնյակ հազարավոր նոր, բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծմանը:
 Մենք կիրականացնենք նաև տեխնոլոգիական հեղափոխություն մեր երկրում՝ աջակցելով կրթական և գիտական բարձրորակ համակարգի կայացմանն ու հետագա զարգացմանը:
 Մեզ անհրաժեշտ է հանրային լայն աջակցություն: 

Մեր ծրագրային առաջնահերթ հիմնադրույթներն են.

1. Նվազագույն աշխատավարձի չափը մեր երկրի քաղաքացիներին պետք է ապահովի արժանապատիվ կենսամակարդակ:
Աշխատանքային կենսաթոշակի չափը մեր հայրենակիցներին պետք է երաշխավորի կենսաապահովման նվազագույն պայմաններ: Աշխատավարձերն ու թոշակները գնաճին համընթաց պետք է պարբերաբար ինդեքսավորվեն:

2. Փոքր և միջին ձեռնարկատիրությունը չպետք է դիտարկվի որպես պետական բյուջեի մուտքերն ապահովող հարկման օբյեկտ, քանզի այն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Այս ոլորտում են գործում շուրջ 75 հազար տնտեսվարող սուբյեկտներ և շուրջ 350 հազար աշխատողներ՝ առանց գյուղատնտեսության ոլորտի: Հետևաբար պետությունը մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին առաջիկա հինգ տարիների ընթացքում պետք է ազատի հարկերից:

Շրջանառության հարկման ենթակա շեմը 2019 թ. հունվարի 1-ից ոչ միայն չպետք է իջեցվի 58.35 մլն դրամ, ինչպես նախատեսված է գործող հարկային օրենսգրքով, այլև 2020 թ. հունվարի 1-ից պետք է սահմանվի 150 մլն դրամ: Առաջիկա 3 տարիների ընթացքում ամբողջական փաստաթղթավորման համակարգի պայմաններում պետք է անցնել շրջանառության հարկով հարկման համակարգին:

3. Տնտեսվարող սուբյեկտների համար հստակ պետք է ապահովել մրցակցային հավասար պայմաններ և խաղի արդար կանոններ: Ապրանքների ներկրման անօրինական մենաշնորհների վերացմանը պետք է հաջորդի առևտրային ցանցերի ազատականացումը՝ ապահովելով ներկրվող ապրանքների իրացման հավասար հնարավորություններ և պայմաններ: Արմատապես պետք է վերանայել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը՝ շրջանառության մեջ դնելով նաև նոր հակամենաշնորհային օրենք:

4. Պետք է ձևավորել ներդրումների անվտանգության ապահովման համակարգ և իրականացնել ներդրումների խթանմանն ու ներգրավմանն ուղղված նոր քաղաքականություն, որի արդյունքում պետական կառույցները պատասխանատվություն կկրեն յուրաքանչյուր միավոր ներդրման համար՝ անկախ ծավալից: Եթե համապատասխան ներդրումային ծրագրերը ձախողվել են պետական չինովնիկների պատճառով, ապա նրանք օրենքով սահմանված կարգով և դատարանի վճռով կփոխհատուցեն ներդրողի և պետության վնասները: Պետք է ստեղծվեն տնտեսական դատարաններ, ներդրումների ապահովագրության գործուն կառույց:

5. Սեղմ ժամկետում անհրաժեշտ է ընդունել նոր հարկային օրենսգիրք, որը տևական ժամանակահատվածի համար կսահմանի պարզ, հասկանալի խաղի կանոններ: Գործող հարկերի թիվը պետք է կրճատել, հարկային վարչարարության համար սահմանել էապես դյուրին հարկման ընթացակարգեր, լայն սպառման ապրանքներ ներկրող մեր բազմահազար հայրենակիցների համար սահմանել մաքսազերծման ու հարկման ընդունելի, այն է՝ ոչ թե հարկային բեռի ավելացման, այլ իջեցման քաղաքականություն՝ զերծ մնալով տարբեր որակի կասկածելի միջնորդ ընկերությունների «ծառայություններից»: Գործող եկամտային հարկը պետք է իջեցնել` հիմքում դնելով հարկման պրոգրեսիվ սանդղակը:

6. Սույն թվականի ապրիլ-մայիսյան քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխությունը, որը հնարավոր է իշխանության կողմից կայուն և երկարատև ժամանակաշրջանի համար երաշխավորված խաղի նոր կանոնների առկայության պայմաններում միայն:
Ներդրողը և ներդրումները որոշակի իրավիճակներում պետք է իրենց պաշտպանված զգան, համոզված լինեն, որ պետությունն իրենց գործընկերն է ոչ միայն խոսքով, այլև գործով: Տեխնոլոգիապես նոր սերնդի մեքենա-սարքավորումների ձեռք բերմանն ուղղված ներդրումներն ընդհանրապես պետք է ազատվեն հարկերից՝ ապահովելով մրցունակ արտադրանք և ծառայություններ, աշխատանքի բարձր արտադրողականություն:
Հանրապետությունում պետք է ձևավորվեն արդյունաբերական և տեխնոլոգիական խելացի քաղաքներ, որոնք կգործեն «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում՝ հարկային հատուկ ընթացակարգերի պայմաններում: Նշյալ տեխնոլոգիական գոտիները կդառնան գիտական, արտադրական նորարարությունների կենտրոններ:

7. Այն ձեռնարկությունները, որոնք մասնավորեցվել են համապատասխան ներդրումային պարտավորությունների իրականացման պայմանով, սակայն հետագայում չեն գործարկվել, և սեփականատերերի կողմից չեն կատարվել պետության հետ առքուվաճառքի պայմանագրով նախատեսված պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով, դատարանի վճռով պետք է հետ վերադարձվեն պետությանը՝ նոր ներդրողների ներգրավման համար:

8. Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, արտադրական ենթակառուցվածքները դեռևս խորհրդային տարիներից կանխորոշել են հանրապետության տարբեր մարզերում և տարածաշրջաններում արտադրական ու գյուղատնտեսական մասնագիտացման հիմնական ուղղությունները: Նոր իրավիճակում և պայմաններում անհրաժեշտ է արդեն իսկ տարիներով փորձարկված և ապացուցված հիմքի վրա նախանշել հանրապետության տնտեսական, արտադրական, ագրոպարենային, քաղաքաշինական և ծառայությունների ոլորտների զարգացման նոր հիմնական ուղղությունները՝ որպես գերակայություն ունենալով բարձր արտադրողական և թվային տեխնոլոգիաները, էլեկտրոնային կառավարումը, ինտենսիվ այգիները, կաթիլային ոռոգման համակարգը, վերջին սերնդի մեքենատրակտորային կայանները, նոր որակի գյուղացիական կոոպերացիան և բարձրակարգ թվային ծառայությունները։

9. Հանրապետությունում գործող շուրջ 300 հազար գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասը բարձր տոկոսադրույքներով վարկերի ներքո է: Պետությունը պետք է համակողմանի աջակցություն ցուցաբերի գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին՝ ի մասնավորի նպաստելով գյուղական մթերքների իրացմանը և նոր շուկաների խթանմանը, գործող տրանսպորտային ուղիներում սեզոնային լարվածությունների թուլացմանը, 3-4 % վարկային ռեսուրսների ապահովմանը: Հնարավորությունների սահմաններում անհրաժեշտ է բացառել նաև մեր հայրենակիցների օթևաների բռնագրավումը բանկային պարտավորությունների չկատարման հետևանքով՝ հիմքում դնելով այդ պարտավորությունների սառեցման, կամ հետաձգման դրույթը: Այս քայլը կնպաստի նաև նոր արտագաղթի կանխմանը:

10. ՀՀ-ում կան շուրջ 1.5 մլն վարկառուներ: Ներկայումս նախորդ 10-15 տարիների ընթացքում բարձր տոկոսներով՝ 18-24 %, վարկեր ձեռք բերած քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը կքած է այդ վարկերի բեռի ներքո, հաճախ դրանք վերաձևակերպելով տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում:
Անհրաժեշտ է վարկային հարաբերությունների համակարգի առողջացում` տոկոսների, տույժ եւ տուգանքների սառեցում եւ հետաձգում, որոշ դեպքերում նաև` դուրսգրում:
Անհրաժեշտ են 0.5-1% տոկոսադրույքներով մեծածավալ վարկային միջոցներ, որոնք կհոսեն դեպի տնտեսության իրական հատված` 2-3%-ով: Միայն այս պայմաններում մենք կարող ենք ունենալ մրցունակ տնտեսություն:
ՀՀ Կենտրոնական բանկը պետք է իրականացնի հետևողական դրամավարկային քաղաքականություն՝ մշտապես սահմանելով արդյունավետ վերաֆինանսավորման տոկոսադրույք՝ հաշվի առնելով նաև կանխատեսվող ռիսկերը:

11. Պետական բյուջեից կատարվող գնումների ոլորտում առաջնահերթությունը պետք է տալ տեղական արտադրողներին:

12. Հաշվի առնելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական և արտաքին տնտեսական մարտահրավերների առանձնահատկությունները՝ արդյունավետ ենք համարում ՀՀ-ում ֆինանսական միջնորդությունների բազմազանեցումը, հատկապես ԵԱՏՄ երկրների ֆինանսական կառույցներից դեպի ՀՀ և ապա արտաքին ֆինանսական շուկաներ օրինական և փոխշահավետ սխեմաների միջոցով դրամական նոր և մեծածավալ միջոցների ներգրավումը:

13. Պետությունը պետք է աջակցող հստակ քաղաքականություն իրականացնի ՀՀ-ից դեպի արտաքին շուկաներ, այդ թվում` դեպի արաբական երկրներ պտուղ-բանջարեղենի և մսամթերքի արտահանումներ կազմակերպելու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձևավորվեն լոգիստիկ գործուն համակարգեր, սառնարանային, փաթեթավորման և տարայավորման տնտեսություններ, որոնց շնորհիվ մասնագիտացված միջնորդ-ընկերությունների կողմից տնտեսվարողների համար ընդունելի պայմաններով, մեծ բեռնատար ինքնաթիռներով գյուղմթերքները արտահանելու հնարավորություն կստեղծվի:

14. 2019 թ. մարտի 1-ից առաջիկա 5 տարիների կտրվածքով գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման ջրի դիմաց վճարը սահմանել 1000 ՀՀ դրամ:

15. 2019 թ. փետրվարի 1-ից վերացնել արագաչափերը և կարմիր գծերը:

16. Էապես իջեցնել գազի գործող սակագինը, քանզի սահմանին 1000 մ3 գազը ՀՀ-ն ստանում է 150 ԱՄՆ դոլարով, իսկ վերջնական սպառողին այն հասնում է մոտ երկու անգամ բարձր գնով:

17. Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ հաշվի առնելով, որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65 % արտադրում են ատոմային էլեկտրակայանը և հիդրոէլեկտրակայանները, որտեղ արտադրված 1 կվտ/ժ էլեկտարէներգիայի միջին ինքնարժեքը բավականին ցածր է:

18. Իրականացնել ՀՀ զբոսաշրջության զարգացման համալիր ծրագիր՝ նպաստավոր պայմաններ ձևավորելով հյուրանոցային և ոլորտը սպասարկող այլ ենթակառուցվածքների զարգացման համար:

19. ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան օգտվել որակյալ առողջապահական ծառայություններից: Ուստի անհրաժեշտ է վերանայել այս ոլորտում պետական պատվերի տրամադրման կարգը՝ սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք բժշկական սերտիֆիկատը: Պետական պատվերի համակարգը պետք է ամբողջապես սերտիֆիկացնել:

20. Առաջիկա 2 տարվա ընթացքում աղետի գոտու ՀՀ ոչ մի քաղաքացի այլևս չպետք է ապրի ժամանակավոր կացարաններում:
Աղետի գոտում առաջիկա 5 տարիներին թեթև արդյունաբերության ձեռնարկություններում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրումներն անհրաժեշտ է ազատել հարկերից:

21. Բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն ցանկություն և համապատասխան գիտելիքներ, պետք է պետության կողմից ստանան անհրաժեշտ աջակցություն՝ երկարատև վարկերի և դրամաշնորհների տեսքով բարձրակարգ ուսումնական հաստատություններում իրենց կրթությունը սկսելու կամ շարունակելու համար:
Ուսումն ավարտելուց հետո 10 տարվա ընթացքում նրանք կարող են մարել իրենց պարտքը: Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից: Բուհական համակարգում պետք է արմատապես փոփոխել ընդունելության քննությունների կարգը՝ բացառելով ցածրամակարդակ կրթական ծառայությունների տրամադրումը մեր երիտասարդ քաղաքացիներին:

22. Բնակչության, այդ թվում երիտասարդ ընտանիքիների բնականոն կենսագործունեության ապահովման նպատակով պետությունը պետք է իրականացնի սոցիալական բնակարանաշինարարության ծրագիր՝ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով ապահովելով համապատասխան հողահատկացումներ: Նորակառույց շենքերում բնակարանները շահառուներին պետք է հատկացվեն լիրաժեք վերանորոգված՝ 1 մ2-ի համար 180 հազ դրամով, կամ 60 մ2 բնակարաններ՝ մոտ 20-22 հազ ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Շահառուները ամսական վճարները կկատարեն 10 տարվա ընթացքում` առանց որևէ կանխավճարի:

23. Պետության հատուկ հոգածության շրջանակներում պետք է լինեն բազմազավակ մայրերն ու ընտանիքները, որոնք պետական հատուկ ծրագրերի շահառուներ են: Մասնավորապես, անհրաժեշտ է բարձրացնել առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը, իսկ երրորդ և հաջորդ երեխաներին հատկացվող դրամական աջակցության չափը կտրուկ ավելացնել: Սա կունենա ինչպես ժողովրդագրական, այնպես էլ սոցիալական կարևորագույն նշանակություն: 

24. Անկախ սեփականության ձևից, խորհրդային տարիներից գործող մարզական կառույցների վերականգման նպատակով ներդնել համապատասխան միջոցներ: Սահմանել մարզաձևերի առաջնահերթությունները և հաստատել զարգացման պետական ծրագրեր:

25. Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ձեռնամուխ լինել մեծ հայրենադարձության ծրագրի կայացմանը՝ իրականացելով միջոցառումների համալիր ծրագիր: Հանրապետությունից արտագաղթած և իրենց տները կորցրած մեր հայրենակիցներին վերադարձի դեպքում անվճար տրամադրել հողատարածք՝ բնակելի տներ կառուցելու համար: Անհրաժեշտության դեպքում պետք է տրամադրել նաև մատչելի վարկեր:

26. Պետական կառավարման համակարգում հարկ է վերացնել արտաբյուջետային ֆոնդերը:

27. Անհրաժեշտ է վերանայել հատուկ կարիքներ ունեցող անձանց (հաշմանդամների) նկատմամբ իրականացվող պետական քաղաքականությունը:

28. Պետք է ստեղծել անկախ և թափանցիկ դատական համակարգ: Դատական վճիռները պետք է ընդունվեն անաչառ և ժամանակին՝ բացառելով անհարկի ձգձգումները:

29. Պաշտպանության ոլորտում առաջիկա երկու տարիներին անհրաժեշտ է կտրուկ ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը` ՀՀ կառավարության կողմից հաստատված հատուկ կարգով: Առաջնագծում զինվորական ծառայության առաջնահերթությունը պետք է վերապահել պայմանագրային զինծառայողներին:

30. Յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի 5 %-ը հարկ է ուղղել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը:

31.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության հիման վրա: Առանց Արցախի մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել: Պետք է առաջիկա երկու տարիների ընթացքում կտրուկ ավելացնել ՀՀ և ԱՀ առևտրաշրջանառության ծավալները, բոլոր ուղղություններով ընդլայնել փոխադարձ տնտեսական ինտեգրացման գործընթացը:

32. Անհրաժեշտ է էապես ավելացնել ՀՀ սահմնամերձ համայնքների հետագա զարգացմանն ուղղված օժանդակությունը սոցիալական աջակցության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացման միջոցով: Սահմանամերձ համայնքները պետք է դառնան անառիկ ամրոցներ:

33. Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղեգծի շարունակականության օգտին:

34. Մենք կողմ ենք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների անշեղ զարգացմանը և խորացմանը: Շարունակելու ենք գործուն մասնակցություն ունենալ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում ծավալվող աշխատանքներին:
Զուգահեռաբար շարունակելու ենք կառուցողական մասնակցություն ապահովել Եվրաինտեգրման գործընթացներին:
Մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատման օգտին՝ առանց նախապայմանների առաջադրման:

35. Անհրաժեշտ է վերանայել համայնքների խոշորացման գործընթացը, եթե այն չի բխում համայնքների շահերից և հաշվի չի առնում տեղական, վարչատարածքային, համայնքային արդեն ձևավորված ավանդույթներն ու առանձնահատկությունները:

36. Հարկ է կտրուկ ավելացնել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային կոթողների վերականգնմանն ուղղված միջոցները՝ առաջիկա 7 տարիների ընթացքում հիմնականում ավարտին հասցնելով այդ գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել