ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժերի մի մասն է միայն քարոզարշավի մեկնարկին հրապարակել նախընտրական ծրագրերն ամբողջությամբ, մյուս մասը նախընտրել է ծրագրերի հիմնադրույթները դեռևս միայն բանավոր ներկայացնել:

Հայաստանի հանրապետական կուսակցության ծրագիրն ամբողջությամբ ներկայացվել է իրենց նախընտրական կայքում: Ըստ նախաբանի՝ ՀՀԿ-ն շեշտում է, որ իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ:

«Ստեղծված իրավիճակում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները, ուղիղ և շիտակ խոսել նոր կառավարության սխալների և բացթողումների մասին, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի պետականության և Արցախի ապագայի համար»,- նշված է ծրագրում: ՀՀԿ-ն թվարկում է, թե ինչու պետք է իրենց ընտրել.

«Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները, պատրաստ ենք ծառայելու հայրենիքին»: 

«Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում նշում է, որ դաշինքի քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առջև ստանձնած իր բոլոր պարտավորությունները։ Ըստ ծրագրի՝ առաջիկա հինգ տարիներին դաշինքի գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ 

«Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանն արդյունաբերական, տեխնոլոգիական, նաև բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ 
● Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, 
● աշխատանքի և ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի և կրթության միջոցով, 
● օրենքի գերակայության ապահովումը, 
● բարեկեցության շարունակական բարձրացումը, 
● պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը»,- մասնավորապես նշված է  ծրագրում: 

«Հայ հեղափոխական դաշնակցությունը» ծրագրում շեշտում է, որ համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի հստակ, ժողովրդի էությունից բխող արժեքային համակարգ, ունի իր նպատակներն իրականացնելու կազմակերպչական կառույց ու վերահսկման մեխանիզմ:  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 36 քայլ ներառող նախընտրական ծրագիր, որտեղ նշվում է՝ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը (ամբողջական ծրագիրը դեռևս հրապարակված չէ և միայն բանավոր է ներկայացվել): 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում նշված է, որ ԼՀԿ-ի նպատակն է ՀՀ-ում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը: 

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: «Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»,- նշված է ծրագրում։

«Մենք» դաշինքի նախընտրական ամբողջական ծրագիրը ևս դեռ չի հրապարակվել, բայց մինչ այդ հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին: Դաշինքն արտաքին քաղաքականության մասով նախատեսում է էական շրջադարձեր իրականացնել:  

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս նախընտրական ծրագիր դեռևս չի հրապարակել՝ չնայած քարոզարշավի մեկնարկին, սակայն մինչ այդ շեշտում են, որ Հայաստանի քաղաքացին չպետք է լինի քաղաքականության սպառողը։ Հայաստանի քաղաքացին պետք է քաղաքականության որոշողն ու թելադրողը լինի։  

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել, փոխարենը հրավիրված ասուլիսին է ներկայացրել այն: «Մենք առաջարկում ենք ՀՀ տնտեսական զարգացման այլ հարացույց՝ չափավոր լիբերալիզմը: Մենք պետք է կարողանանք մեր ներքին արտադրողին պաշտպանել»: Ըստ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորոշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա: 

«Մտածողության այս տրամաբանության շրջանակներում էլ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային և բարիդրացիական հարաբերությունների վրա»,- նշում են կուսակցության անդամները: 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության և սոցիալական ոլորտներում: Նախընտրական ծրագիրը թեև չի հրապարակվել, սակայն ներկայացվել է ասուլիսին: «Նախատեսում ենք ապաքաղաքականացնել դպրոցների ղեկավարման խորհուրդները, իսկ սոցիալական ոլորտում էական փոփոխությունների համար կարևորում ենք միջին խավի ձևավորումը: Մեր կուսակցության կարգախոսն է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: 

Քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերին, այլ գաղափարախոսությունը: Մենք սոցիալական բարեփոխումների փաթեթ ունենք: Մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ նոր լուծումներ բերել»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը:    

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 քայլից: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի 50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը, 50 ծրագիր, որոնք կերաշխավորեն մեր ժողովրդի զարգացումն ու անվտանգությունը, 50 նպատակ, որոնք կապահովեն օրենքը, արդարությունն ու բարեկեցությունը »,- մինչ հիմնադրույթներին անցնելը նշվում է ՕԵԿ ծրագրում:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել