Գիշերային մղձավանջները երազների անբաժան մասն են։ Հաճելի երազները մեր երազանքների և ցանկությունների հետևանք են, իսկ ահա մղձավանջները՝ սթրեսի և անհանգստության։

Գիշերային մղձավանջները, ինչպես նաև սովորական երազները սիմվոլիկ բնույթ են կրում, և այն բառացի հասկանալ պետք չէ։ Եթե դուք այն բառացի հասկանաք, ապա հնարավոր է՝ բաց թողնեք այն ազդանշանը, որը հաղորդում է ձեր ենթագիտակցությունը։

Դուք կորել եք կամ գտնվում եք ծուղակի մեջ

Վերլուծության տեսանկյունից այս երազը շատ պարզ է։ Երազում կորչելու կամ ծուղակում գտնվելու զգացողությունը ցույց է տալիս, որ մարդը նույն զգացողություններն ունի նաև իրական կյանքում, կոնկրետ իրավիճակներում։ Ինչ-որ մեկը ձեզ ստիպո՞ւմ է որևէ բան անել ձեր կամքին հակառակ։ Դուք կարծում եք, որ խնդիրը լուծելու բոլոր տարբերակները փորձե՞լ եք, իսկ միգուցե դուք մոլորվե՞լ եք։

Հասկացեք՝ այս երազը նշանակում է, որ դուք ներքին խնդիրներ ունեք։ Այն պետք է գործելու ազդանշան լինի ձեզ համար, հակառակ պարագայում դուք ուրիշ մղնձավանջներ էլ կունենաք։

Դուք խեղդվում եք կամ էլ ընկնում

Ձեզ թվում է, թե խնդիրների պատճառով ձեր գլուխը կտրաքի, կամ էլ դուք ինչ-որ առաջադրանքից կամ պատասխանատվությունից ճնշված եք զգում։ Այս զգացողությունները կարող են վերափոխվել մղձավանջների, որտեղ դուք խեղդվում եք կամ էլ ընկնում։ Այս մղձավանջները ներքին անհանգստության հետևանքով են առաջանում։ Մղձավանջում ձեր պահվածքը համապատասխանում է իրական կյանքում հստակ իրավիճակներում ձեր պահվածքին։

Այն նաև հիանալի միջոց է գիտակցված երազատեսության մասնակից լինելու համար։ Եթե դուք հասկանում եք, որ դուք երազի մեջ եք, ապա հեշտորեն կարող եք պայքարել դրա դեմ՝ ձեզ տրամադրելով, որ այն միայն երազ է։ Ջրում խեղդվելու կամ ընկնելու փոխարեն լողացեք կամ էլ թռչեք։ Վերջիվերջո, այն ձեր երազն է, և այնտեղ դուք կարող եք անել այն ամենը, ինչ ցանկանաք։

Դուք փախչում եք ինչ-որ մեկից, կամ ձեզ հետապնդում են

Այս մղձավանջը շատերի մոտ է հանդիպում։ Մղձավանջի դեկորացիան և հետապնդողները կարող են փոփոխվել, սակայն եթե դուք անընդհատ տեսնում եք այն, ապա դա նշանակում է, որ ձեր օրգանիզմը պատրաստ է դիմադրել ցանկացած վտանգի։

Ըստ Զիգմունդ Ֆրեյդի՝ այսպիսի մղձավանջներ կարող է տեսնել միայն անհանգստության մեջ գտնվող մարդը։ Այս անհանգստությունը կարող է կապված լինել ցանկացած բանի հետ՝ սկսած փոքր խնդիրներից, վերջացրած մեծերով։ Քանի որ այս վախերը վերածվում են հետապնդման, այս ընթացքում ձեր գործողությունները խոսում են այն մասին, թե դուք ինչպես եք դիմակայում նրանց իրական կյանքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել