168.am-ը գրում է.

«Աջ ղեկերը կարող են վարել ՀՀ-ում, ներմուծել չեն կարող, ինչ վերաբերում է սահմանին գտնվող մեքենաներին՝ 3 ճանապարհ ենք առաջարկել. մեքենան ներմուծել՝ ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդ` ընտրել տարանցիկ ճանապարհ, որը չի արգելվում օրենքով, այսինքն` տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, և տարբերակ երրորդ՝ 1 տարի ժամանակ տրամադրել, որպեսզի ներմուծված մեքենան հնարավոր լինի վերասարքավորել ձախակողմյան ղեկով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև երթուղային տաքսիների հետ կապված խնդրին՝ ասելով.

«Կարծում եմ՝ քաղաքային մշակույթին հակասում է կռանալով իջնելն ու բարձրանալը: Քաղաքապետարանում եղել է ծրագիր, համաձայն որի՝ ալգորիթմների միջոցով, ուղևորահոսքերի հիման վրա պետք է  խորհուրդ տան, թե ի՞նչ չափով, ի՞նչ տիպի մեքենաներ ներկրեն: Սրան կհաջորդի մրցույթ հայտարարելն ու ցանց ստեղծելը: Մեկ օրում չենք կարող տրանսպորտային համակարգը փոխել»:

Կարծում եմ ՝ պետք է փոքր ու մեծ ավտոբուսների մասերը բերենք ու այստեղ հավաքենք: Սա ենթադրում է աշխատատեղ, համապատասխան կետեր»:

Հակոբ Արշակյանն անդրադարձավ նաև տաքսու վարորդներին՝ ընդգծելով, որ  պետք է տուրքերից ազատեն նրանց:

«Առաջիկայում օրենսդրական նախագծով հանդես կգանք, որ համաներում լինի, կուտակված տույժ ու տուգանքներից ազատվեն, բայց տուրքերը կվճարեն»:

Ինչ վերաբերում է օնլայն տաքսի ծառայություններին, ապա նրանք գտնվում են հարկային դաշտում: Հարկ են վճարում՝ որպես ընկերություն»,- եզրափակեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել