Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն այն կարծիքին է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ազդեցությունը երկրի տնտեսության վրա պետք է դիտարկել ավելի երկարաժամկետ կտրվածքով: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ հեղափոխությունը բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, շուկաներ  մուտքի ավելի մեծ հնարավորություններ և ավելի հավասար մրցակցություն: «Սրանք այն գործոններն են, որոնք կարող են և պետք է ապահովեն ավելի բարենպաստ միջավայր՝ ներդրումային որոշումներ կայացնելու համար, իսկ դրանք միանգամից արդյունքներ չեն տալիս: Այսպիսի միջավայրը նրա համար է, որ երկարաժամկետ առումով տնտեսական աճի ցուցանիշը լինի ավելի բարձր, տնտեսական աճը լինի ավելի կայուն, ստեղծվող արդյունքները մասնակիցների միջև բաժանվեն ավելի հավասարաչափ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Խաչատրյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ 2018թ. հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 տոկոս էր, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 7.1 տոկոս, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Պատճառն այն է, որ որոշակի տնտեսական օբյեկտիվ գործոններ ազդում են այդ կարճաժամկետ թվային միջավայրի վրա: Գիտեք, որ հանքարդյունաբերության ոլորտում խնդիր է եղել կազմակերպություններից մեկի հետ, այն դադարեցրել է իր գործունեությունը: Այդ ժամանակահատվածում նա արտադրած կլիներ 130 միլիոն դոլարով ավելի շատ արտադրանք: Համապատասխանաբար, տնտեսական աճի ակտիվությունն ընդհանուր առմամբ ազդվում է այդ բոլոր գործոններից: Կարճաժամկետ ցուցանիշները և երկարաժամկետ սպասումները տարբեր բաներ են: Մենք կարող ենք ունենալ նաև իրավիճակ, որ 2018թ. դեկտեմբերի վերջի դրությամբ արձանագրած լինենք ավելի ցածր տնտեսական աճ և ավելի ցածր ցուցանիշ, քան 6 տոկոսն է, որովհետև կան որոշակի բազային փոփոխություններ, սակայն սրանք կարճաժամկետ խնդիրներ են»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը ևս մեկ անգամ շեշտեց, որ տնտեսության վրա Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ազդեցությունը պետք է դիտարկել ոչ թե կարճաժամկետ, այլ միջինժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով: Նա վստահեցրեց, որ տնտեսական ցուցանիշները միջինժամկետ և երկարաժամկետ  կտրվածքով ավելի բարձր են լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել