Panorama.am-ը գրում է.

Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը և դրան հաջորդած իրադարձություններն ապացուցեցին, որ ՀԱՊԿ-ում տարաձայնությունների ալիքն ամեն օր նոր թափ է հավաքում։ Մի կողմից Հայաստանը ցանկանում է պահպանել կառույցում գլխավոր քարտուղարի պաշտոնը, մյուս կողմից լուրջ հավակնություններ է ներկայացնում Բելառուսը, որի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ անցումային շրջանում գտնվող Հայաստանի համար ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը ղեկավարելը մեծ ծանրաբեռնվածություն է։

ՀԱՊԿ-ում հնարավոր զարգացումների, Բելառուսի դիմակայության և Ադրբեջանի հավակնությունների թեմայով Panorama.am-ի թղթակիցը խոսեց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

Վերջինս նշեց, որ կառույցի հետագա գործունեության սցենարները 3-ն են՝ կամ ՀԱՊԿ-ում շարունակում է նախագահել Հայաստանը, կամ կառույցը շարունակում է ղեկավարել քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, կամ էլ այդ հաստիքը փոխանցվում է Բելառուսին։

«Իմ կարծիքով, ամենահավանական սցենարն այս պահի դրությամբ այն է, որ կշարունակի պաշտոնավարել ՌԴ ներկայացուցիչ Սեմերիկովը։ Եթե գլխավոր թեկնածուների հարցում կոնսենսուս չլինի,  ապա նա կշարունակի պաշտոնավարել։ Այս դեպքում գործ ունենք հենց նման իրավիճակի հետ՝ հաշվի առնելով Հայաստանի և Բելառուսի վերջին կոշտ հայտարարությունները։ Հնարավոր է, որ Հայաստաննն  ինչ-որ պահի օգտագործի իր վետտոյի իրավունքը, ինչպես որ իր այդ իրավունքը հայ թեկնածուի դեմ կարող է  օգտագործել Բելառուսը։ Կարծում եմ՝ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար, այդուհանդերձ, չի ընտրվի, կողմերը կորոշեն ինչ-որ ժամանակ անց կրկին հանդիպել՝ նորից քննարկելու հարցը»,- ասաց նա։

Սուրեն Սարգսյանի խոսքով, ժամանակը, սակայն, Հայաստանի օգտին չի աշխատում՝ մանավանդ հաշվի առնելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությունը, որ ժամանակը շատ քիչ է ՀՀ ներկայացուցչի համար, քանի որ նա չի հասցնի անգամ շրջայց կատարել անդամ երկրների մայրաքաղաքներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել