Armenpress.am-ը գրում է.

Ավելի քան մեկ շաբաթ Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված իրավիճակ է:  Դերասանների մի մասը չի ներկայանում փորձերի,  ընդվզում  է և պահանջում  թատրոնի տնօրեն,  գեղարվեստական ղեկավար  Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասաց, որ  օրեր առաջ հանդիպել է թատրոնի ստեղծագործական կազմի հետ և մանրամասն քննարկել են մտահոգող խնդիրները:

«Այստեղ խնդիրն ունի երկու կողմ. ոչ միայն ստեղծագործական կազմն է, այլև պարոն Չալդրանյանը։ Հանդիպման ընթացքում ստեղծագործական կազմին տեղեկացրեցի, որ կխոսեմ նաև Վիգեն Չալդրանյանի հետ, այնուհետև տեղի կունենա ընդհանուր հանդիպում»,-նշեց Մակունցը և հավելեց, որ խնդրի լուծումն ընթացքում է և այն անպայման կլուծվի։

Վիգեն Չալդրանյանը Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել նախորդ տարվա դեկտեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել