168.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում չկարողացան համաձայնության գալ Brexit-ից հետո Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների սկզբունքների շուրջ, ինչը կասկածի տակ է դնում ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ին նշանակված գագաթնաժողովի անցկացումը:

Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը: «Բրյուսելի հետ Brexit-ի վերաբերյալ իր գործարքի շուրջ քննարկումներն ավարտելու Թերեզա Մեյի փորձերը նոյեմբերի 21-ին ձախողվել են, ինչը կասկածներ է առաջացնում, որ այս կիրակի կկայանա ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը՝ տեքստը ստորագրելու համար»,- գրում է թերթը:

Նոյեմբերի 21-ին Մեյը Բրյուսելում հանդիպել է Յունկերի հետ: Սպասվում էր, որ այդ հանդիպմանը կողմերը վերջնականապես կհամաձայնեցնեն Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, սակայն դրանից հետո Մեյը հայտարարել է, որ «հարցերը դեռեւս մնում են»: Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է Բրյուսել բանակցելու վերադառնալ նոյեմբերի 24-ին:

Նախօրյակին Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, որն անցած շաբաթվա վերջին է նշանակվել այդ պաշտոնում, չի բացառել երկրում հանրաքվեի կրկնական անցկացումը Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման շուրջ:

Ընդհանուր առմամբ հանդես գալով խորհրդարանի կողմից Բրյուսելի հետ Brexit-ի պայմանների շուրջ գործարքի՝ նախարարների կաբինետի համաձայնեցրած ձեւաչափի աջակցության օգտին, Ռադը միեւնույն ժամանակ հասկանալ է տվել, որ իրատեսական չի համարում վարչապետ Թերեզա Մեյի սպառնալիքների իրագործումը «կամ իմ գործարքը, կամ բաժանում առանց որեւէ գործարքի» սկզբունքով, քանի որ վերջին տարբերակը պարզապես աջակցություն չի գտնի խորհրդարանի կողմից:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել