Operativ.am-ը գրում է

Ինտերպոլի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կիմ Չոն Յանն ընտրվել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) ղեկավար: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում:

«Կորեայի Հանրապետությունը ներկայացնող Կիմ Չոն Յանը երկամյա ժամկետով ընտրվել է Ինտերպոլի նախագահ»,-ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ ղեկավարի ընտրությունը տեղի է ունեցել Դուբայում՝ Ինտերպոլի 87-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակում:

Ավելի վաղ մի շարք երկրներ սպառնացել էին դուրս գալ կազմակերպությունից, եթե դրա ղեկավարի պաշտոնում նշանակվի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Պրոկոպչուկը: Ռուս գեներալը ներկայում Ինտերպոլի փոխնախագահն է:

Ինտերպոլի նախկին նախագահ Մեն Հունվեյն անհետացել էր այս տարվա սեպտեմբերի 25-ին՝ Չինաստանում: Հոկտեմբերի 5-ին հայտնի էր դարձել, որ նա ձերբակալվել է կոռուպցիոն գործունեություն իրականացնելու կասկածանքով: Հոկտեմբերի 7-ին նա հրաժարականի դիմում էր գրել, որն անմիջապես ընդունվել էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել