Երեկ Նարինե Մկրտչյանը մի հոդված էր գրել ՔՊ վարչության անդամների կողմից «հավատաքննության» ենթարկվելու մասին, և քննադատական այս հոդվածը տարածվում էր համացանցում: ՔՊ-ի հետ ունեմ գաղափարական, արժեքային խիստ տարակարծություն և, ընդհանրապես, քաղաքական անհամատեղելիություն, բայց, կներեք, ես խիստ հարգանքով եմ մոտենում ՔՊ ղեկավար կազմին և խիստ ընդունելի եմ համարում իրենց դուռը գնացած ղազագիր ստորագրելու պատրաստների նկատմամբ իրենց վերաբերմունքը: ՔՊ-ն իրավունք ունի իրենց ողորմածությանը հանձնվածներին դատելու այնպես, ինչպես իրենք են կամենում, իսկ վերջինները բարոյական իրավունք չունեն մերժվելուց հետո «աքլորանալու», որովհետև եթե չմերժվեին, իրենք լինելու էին ՔՊ ցուցակում, և իրենց ներկայացնելու էին իբրև հեղափոխության ռահվիրա: Այսպիսիները ոչ թե սկզբունքային գործիչներ են, այլ ոչ շարքային պատեհապաշտներ, որոնք թքած ունեն իրենց գաղափարների վրա, իսկ սկզբունքայնությունից խոսելու իրավունք չունեն: Այն մարդն, ով ապրիլ-մայիսին քննադատում էր Նիկոլի գործելակերպն ու ողջ այդ գործընթացը և իրեն համարում է սկզբունքային, ոչ մի պարագայում ՔՊ ցուցակում հայտնվելու հայտ չէր ներկայացնի, քանի որ այդպես ավելի ազնիվ և սկզբունքային է: 

Այնպես որ, հանուն մանդատի ձեր սկզբունքներն ու գաղափարները ծախելուց հետո մի եկեք ու մեզ վրա էլ փորձեք ծախել իբր ձեր սկզբունքայնությունը․ էդ եզրույթի հետ դուք ոչ մի աղերս չունեք: Հա, Նարինե Մկրտչյանն էլ իր հարուստ փորձի մասին էր գրել և իրեն «հավատաքննողների» երիտասարդ տարիքը որպես բացասական երանգ էր առանձնացրել: Տիկին Մկրտչյան, այդ երիտասարդներն ավելի սկզբունքային են գտնվել, քան դուք ու ձեր «78 տարվա փորձը», իրենք՝ ձեր նշած այդ «անփորձ երիտասարդները» ձեր անսկզբունքայնությունն ու «սպիտակ դրոշակ պարզելն» անընդունելի են համարել և էդ ձեր մի քանի տասնամյակների փորձն առ ոչինչ են դարձրել: 

ՀԳ. Մի քանի նման դեպքեր գիտեմ, երբ բոլորիս հայտնի դեմքեր գնացել են ՔՊ-ի դուռն ու մերժվել: Նրանցից ոմանք մերժվելուց հետո չեն էլ քննադատել, ոմանք այնպիսի ցասումով են սկսել բողոքել «ցուցակների վատը լինելուց», ասես իրենք էին, որ պետք է գեղեցկացնեին այդ ցուցակը: Նախկինում իմ կողմից շատ հարգված մեկն էլ կա, որ ՔՊ ցուցակում ընդգրկվելու հեռանկարն իմանալուց հետո գնացել ու իր 18 տարվա կուսակցության առաջնորդից ներողություն է խնդրել ու դուրս եկել կուսակցության ցուցակից, իսկ ցուցակները կազմելուց 4 օր առաջ տեղեկացել է, որ ՔՊ-ի կողմից մերժվել է: Հիմա ի՞նչ ասես այդ մարդուն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել