Yerkir.am-ը գրում է.

Իրանը ոչ միայն կհաղթահարի ԱՄՆ պատժամիջոցները, այլև կառաջադիմի ու կզարգանա: Այս մասին բրիտանական The Guardian պարբերականի հետ զրոյցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Մենք արդեն համակերպվել ենք ճնշումներին և գտել դրանց դիմակայելու ուղիները: Պատժամիջոցները միանշանակ հարվածում են շարքային քաղաքացիներին, սակայն դրանք հազվադեպ են հասնում իրենց նպատակին: Սա այն լրջագույն խնդիրն է, որին մշտապես հանդիպել են ԱՄՆ պատժամիջոցները»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ պատժամիջոցների միջոցով անհնար է որևէ մեկին բանակցություններ պարտադրել:

Զարիֆը վստահեցրել է, որ Իրանին կհաջողվի հաղթահարել պատժամիջոցներն ու քայլել առաջընթացի և զարգացման ուղղությամբ: Նա հավաստիացրել է, որ Իրանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի պատժամիջոցների ազդեցությունը շարքային քաղաքացիների վրա նվազագույնի հասցնեն, այդուհանդերձ, ըստ նրա,դրանք որոշակի բացասական ազդեցություն թողնելու են երկրի տնտեսության և հասարակության կենսամակարդակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել