Armenpress.am-ը գրում է.

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ այսօր կառավարությունում տեղի է ունեցել քննարկում մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով քննարկման կազմակերպման համար, ներկայացրել են ՀԲ-ի Մարդկային կապիտալի ծրագիրը, մանրամասն նկարագրել մարդկային կապիտալի համաթվի բովանդակությունն ու բաղադրիչները: Սիլվի Բոսութղոն խոսել է միջազգային լավագույն փորձից և ընդգծել, որ Հայաստանն ունի մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը պետք է իրացնել:

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանը մարդկային կապիտալի ծրագրի վաղ կիրառող 28 մասնակից երկրներից մեկն է: Ծրագրի շրջանակներում դիտարկվում են երկրների կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում ձեռքբերումներն ու խնդիրները, որոնցից ելնելով, ըստ ՀԲ ներկայացուցիչների, կարելի է որոշել հաջորդ սերդնի մարդկային կապիտալի արտադրողականության մակարդակը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ նշյալ ոլորտներում պետք է ոչ թե ավելի շատ, այլ ավելի ճիշտ ներդրումներ կատարել, քանի որ մարդկային կապիտալի զարգացումն այն առանցքն է, որը կարող է իրական փոփոխություններ իրականացնել երկրում:

ՀՀ ֆինանսների, կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները ներկայացրել են Հայաստանի մարդկային կապիտալի համաթիվը և իրենց ոլորտներում առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել նման քննարկումների կազմակերպումն ու մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ մտքերի փոխանակումը: Նա կարևորել է խնդրի ինդեքսավորումը, որը երկրների կառավարությունների ուշադրությունը կենտրոնացնում է կոնկրետ թիրախների վրա: Ինդեքսավորումը, ըստ Մհեր Գրիգորյանի, գնահատական է տալիս կառավարության արված և չարված քայլերի մասին և օգնում է հասկանալ հետագա անելիքների բովանդակությունը: Փոխվարչապետի պաշտոնակատարը քննարկման ժամանակ առանձնացրել է կրթության ոլորտում՝ կրթության և տնտեսության կապի ամրապնդման, առողջապահության ոլորտում՝ բուժումից դեպի հիվանդությունների կանխարգելում անցման և սոցիալական ոլորտում՝ մարդկանց աշխատելու մոտիվացման վերաբերյալ հնարավոր հետազոտությունների իրականացումն ու առկա խնդիրների լուծման տարբերակների վերհանումը: Մհեր Գրիգորյանը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աշխատելու Համաշխարհային բանկի հետ մարդկային կապիտալի ծրագրի շրջանակներում և այդ ուղղությամբ հնարավոր ջանքերը ներդնել՝ ի բարօրություն հայ ժողովրդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել