Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։
Հեղափոխությունն արել է ժողովուրդը։ Հեղափոխությունը կայացած փաստ է։ Ես իմ բոլոր խոստումները կատարել եմ` առաջնորդել եմ Սերժին հեռացնելու պրոցեսը և նախաձեռնել եմ արտահերթ արդար խորհրդարանական ընտրություններ, որտեղ որոշելու է քաղաքացին։

Ի՞նչ է ասում ժողովուրդը:
Հեղափոխությունն արել է Նիկոլը, թող Նիկոլն էլ դրա տակից դուրս գա։ Կապ չունի, թե նա երկրի զարգացման ինչ տեսլական ունի։ Նիկոլն ուժեղ է, Նիկոլն իմաստուն է։ Թող ոնց ուզում է, անի։

Ի՞նչ եմ ասում ես։
Հայաստանում հեղափոխությունը չի ավարտվել, այն կավարտվի միայն համակարգը փոխելուց հետո։ Համակարգը փոխելու և հնին հետ չգնալու համար հարկավոր են՝ նվազագույնը հանրային լայն քննարկումների ճանապարհով փոխել Սահմանադրությունը, հաշտեցման եզրեր գտնել պաշտոնում հարստացածների և/կամ հարստությամբ պաշտոնի եկածների ու հանրության մնացած հատվածի միջև, քաղաքականությունը հանել ապաքաղաքական դաշտից (ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններով), ուղիղ ժողովրդավարության էլեմենտների կիրառմամբ բարձրացնել ժողովրդի մասնակցությունը երկրի կառավարման, որոշումների կայացման գործում, ստեղծել արդար դատական համակարգ։

Հիշեցնեմ, որ սա նվազագույնն է, առանց որի կարող ենք համարել, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ չի եղել։ Առանց համակարգը փոխելու Նիկոլն ինքը մեծագույն վտանգի տակ է հայտնվում, հենց թեկուզ պալատական խարդավանքների (արտաքին հնարավոր միջամտությունները չհաշված): Հոկտեմբերի 27 տեսած քաղաքացին իրավունք չունի պետությունը, պետականությունը կախելու մի անձի վզից ու ասելու` գնա, ոնց ուզում ես, տակից դուրս արի։

Էլի որոշողը ժողովուրդն է, բայց լավ կլինի, որ իննսունականների սխալը չկրկնենք ու մի ուժի վրա դնենք երկիրը էս ճահճից հանելու ծանրագույն բեռը։ Կամ էլ, որ ավելի վատ է, կապենք կառավարման ղեկին հհկ-բհկ բալաստը։

Հարգանքով`

ՀԳ․ Ու սա նախընտրական քարոզ չէ, սա իրականությունն է։ Ուղղակի որ ինձ չգովեմ, մեկդ մի քաղցր խոսք չի ասի, չէ՞։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել