Մարդկանց մեծ խումբը կարող է լինել կազմակերպված հասարակություն, կարող է նաև վերածվել ամբոխի: Միևնույն անհատը հասարակության մեջ իրեն դրսևորում է որպես գիտակից էակ, իսկ ամբոխի մեջ՝ որպես էմոցիաներով առաջնորդվող արարած:

20-րդ դարի առաջին կեսին աշխարհի ամենաառաջավոր ազգերից մեկը գերմանացիներն էին: Գերմանական ֆունդամենտալ գիտությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, մշակույթն աննախադեպ առաջընթաց էին ապրում, սակայն գերմանացիներն իրենց ոչ ամենակրթված ցեղակցի հմայքի տակ հայտնվեցին:

Ապրիլյան իշխանափոխությունը ցույց տվեց, որ հայաստանցիները կարող են միավորվել և կազմակերպվել: Միջազգային մամուլը հիացած էր հայերից, իսկ շատ ազգեր հայերին նախանձում էին:

Դա մեծ հնարավորություններ էր բացում մեր առջև, սակայն քաղաքական միտքը չկարողացավ այն իմաստավորել և հասարակությանը զարգացման նախագիծ առաջարկել:

Իշխանափոխությունը չվերածվեց արժեքների հեղափոխության: Կյանքը ցույց տվեց, որ մեր քաղաքական էլիտան արժանի չէ իր ժողովրդին:

Կազմակերպված հեղափոխական ժողովուրդը վերածվեց ամբոխի: Ամբոխը սկսեց օրակարգ թելադրել, բնականաբար, դիրիժորի օգնությամբ:

Չիմաստավորված շարժումը նորից կուսակցական ցածրակարգ ինտրիգների գերին դարձավ: Արագորեն կուսակցականացված շարժումն իր առջև դրեց միայն մեկ խնդիր` լուծել իշխանության չարաբաստիկ հարցը:

Ընտրությունների արագ, բլից կրիգով անցկացումը, երբ քաղաքական դաշտը տապալված է, իրականում իշխանության գողություն է նշանակում: Դա դիակապտություն հիշեցնող երևույթ է: Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա:

Այդ դիակապտության հետևանքները մեզ վրա թանկ են նստելու, իսկ պատասխանատվությունը կրելու են դրա հեղինակները: Սակայն արդյո՞ք դրանից հետո ամբոխը հետևություններ կանի ու նորից հասարակության կվերածվի, թե՞ ընդամենը նոր ֆյուրեր կորոնի՝ դեռ հարց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել