168.am-ը գրում է.

«Դեղին բաճկոններ» ֆրանսիական հասարակական շարժման մասնակիցները, որոնք հանդես են գալիս վառելիքի գների աճի դեմ, նոյեմբերի 19-ին շարունակում են բողոքի իրենց զանգվածային ակցիաները, որոնք ամբողջ Ֆրանսիայում սկսվել էին նոյեմբերի 17-ին: Ինչպես հայտնել է AFP-ն, աշխատանքային շաբաթվա առաջին օրը ցուցարարներն սկսել են նավթամթերքների պահեստարանները շրջափակել երկրի մի շարք տարածաշրջաններում:

Գործակալության տեղեկատվության համաձայն, ամբողջությամբ արգելափակված են Total ընկերության երկու վառելիքապահեստարաններ՝ երկրի արեւմուտքի Վեռն քաղաքում եւ հարավի Ֆոս-սյուղ-Մերում: Բողոքի մասնակիցները բարիկադներ են կանգնեցրել օբյեկտների մուտքում, ոչ մի բեռնատարի թույլ չեն տալիս մուտք գործել պահեստարանի տարածք: Բացի վառելիքի պահեստների արգելափակումից, «Դեղին բաճկոնները» նոյեմբերի 19-ին շարունակել են արգելափակել փոխադրամիջոցների հոսքերն ամբողջ Ֆրանսիայի ճանապարհներին:

Ցուցարարները դժվարացնում են երթեւեկությունը երկրի մի շարք խոշորագույն ավտոմայրուղիներում՝ արգելափակոցներ դնելով ուղեւորության համար վճար գանձելու կետերում, ինչպես նաեւ բոլորածիր շարժմամբ բազմաթիվ տեղամասեր են շրջափակում քաղաքների մատույցներում: Առանձին վայրերում ցուցարարները բարիկադների վրա հերթապահել են ամբողջ գիշեր՝ տաքանալով խարույկների մոտ: Քաղաքացիական բողոքի զանգվածային ակցիաները, որոնց սկսվելու համար առիթ էր դարձել բենզինի եւ դիզելային վառելիքի գների մշտական աճը, Ֆրանսիայում անցկացվում են նոյեմբերի 17-ից:

Նույն օրը երկրում անցկացվել են տարբեր մասշտաբի ավելի քան 2 հազար ցույցեր, որոնց, իշխանությունների գնահատմամբ, մասնակցել է մոտավորապես 290 հազար մարդ: Ցուցարարները պնդում են, որ մասնակիցների թիվը մոտ էր 1 միլիոնին: Շարժումն «Դեղին բաճկոններ» անվանումն է ստացել ըստ բողոքի գլխավոր խորհրդանշանի՝ լույսն անդրադարձնող բաճկոնների, որից յուրաքանչյուր ֆրանսիացի վարորդ պետք է ունենա իր մեքենայում ի դեպս ճանապարհին վթարային վիճակում հայտնվելու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել