168.am-ը գրում է

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը շատ բարձր է գնահատում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն՝ ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ալավերդյանը նշեց, որ ՀԱՊԿ անդամ որևէ այլ երկիր իրավունք և հիմքեր չունի հավակնելու գլխավոր քարտուղարի պաշտոնին:

«ՀԱՊԿ կանոնադրությունը հստակ է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք տարի պետք է լինի մեկ երկիր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կարող էին տարբեր դեպքեր տեղի ունենալ` Յուրի Խաչատուրովը կարող էր այդ պաշտոնից հեռանալ ուրիշ պատճառներով: Այպիսով`  Հայաստանը պետք է ամբողջ իր քաղաքական դաշտով հստակ  պահանջի ՀԱՊԿ-ից ենթարկվել  իրենց իսկ կանոնադրության նորմերին»,- ընդգծեց Ալավերդյանը:

Ալավերդյանը տեղին է համարում Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի և Ղազախստանի նախագահներից պարզաբանումներ տալու պահանջը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո  Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարությունը, որ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:

«Փաշինյանի կողմից վերին աստիճանի տեղին, արժանապատվորեն ասվեց, որ պետք է պահանջվեն պատասխաններ, որովհետև, եթե դու գործընկեր ես մի խմբի մեջ, բարի եղիր քո կեցվածքով և դրսևորումներով դա ցույց տալ, այլ ոչ միայն փաստաթղթով: Այս առումով Նիկոլ Փաշինյանի վերջին այս քայլերը դրական եմ համարում»,- ասաց Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Բելառուսի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասելով.

«Ըստ երևույթին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի: Միգուցե, դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, սակայն միջպետական հարաբերություններում կան արարողակարգի և էտիկետի բավական հստակ նորմեր:

Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ, այսպես կոչված՝ փողոցային ժողովրդավարության կանոնները մեծ քաղաքականության մեջ ընդունելի չեն: Ափսոս: Հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել