Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրությանը:

Զրույցի սկզբում լրագրողը հիշեցրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, համաձայն որի՝ «ՀԱՊԿ անդամ մի շարք պետությունների ղեկավարների կարծիքով՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվի Բելառուսի ներկայացուցչին»:

«Ավելի ուշ հայտարարվեց, որ հարցը քննարկվելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը զրկվել է այս պաշտոնում իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունից, և արդյո՞ք Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու որոշում է կայացվել»,- հետաքրքրվել է լրագրողը:

«Եթե ի պատասխան կրկնեմ այն, ինչ ամբողջ ընթացքում պնդել է Հայաստանը, ապա կգանք այն եզրահանգմանը, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Հայաստանին մնա, և դրա համար մենք ունենք լավ կադրային ներուժ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցում է վեց իրավահավասար պետություն, որոնք որոշումները կոնսենսուսի միջոցով են կայացնում:

Հիշեցնենք, որ Հայաստանում հարուցված քրեական գործի հետևանքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հեռացվել էր պաշտոնից: Նոր գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ որոշումը կայացվելու է ավելի ուշ՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

Հատկանշական է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ որոշ ղեկավարների կարծիքով՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է Բելառուսի ներկայացուցիչը նշանակվի:

Հայտնի է, որ հայկական կողմը հակված է հարցի լուծման այլ տարբերակի՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում գործել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը, հետևաբար՝ ՀՀ նոր ներկայացուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել մնացյալ մեկուկես տարվա ընթացքում:
Հնարավոր է՝ մինչև 2020 թվականի մայիս կազմակերպության գլխավոր քարտուղար մնա ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Չի բացառվում նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի Բելառուսի նոր անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել