Միշտ մասնակցել եմ ընտրություններին չափահաս դառնալուց հետո։ Կարող եմ ասել, որ երբեք քվես ստացած կուսակցությունն ու անհատը չեն արդարացրել իմ սպասումները, բայց իմ ոչ մի տված քվեի համար այնքան չեմ ափսոսում, որքան վերջին խորհրդարանական ընտրություններինը, որը բաժին հասավ «Ելք» դաշինքին։

Երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, ես այն չէի սիրում, թեև ունեի այդ կուսակցության անդամ ընկերներ ու բարեկամներ։ Չէի սիրում ոչ թե միֆերի ու լոլոների համար, այլ դրա գործունեությունում առկա, ըստ իս, արատավոր ու սխալ դրվագների համար։ Հիմա ես ավելի մեծ հակակրանք եմ զգում ՔՊ/«Իմ քայլի» նկատմամբ, որովհետև այն ամեն վատին, որ կար ՀՀԿ-ում, բազմապատիկ մասշտաբներով ականատես ենք լինելու նոր խորհրդարանական մեծամասնությունում։

Ես չեմ կարող որևէ լավ բան ակնկալել մի ուժից, որը երեսպաշտության մաստեր կլասս ցուցաբերելով, բառիս բուն իմաստով, հակաեկեղեցական գործունեություն է ծավալում մի ձեռքով, իսկ մյուս ձեռքով փշի-փշի է անում աղանդավորների։ Քաղաքական ուժը կարող է սխալներ թույլ տալ տնտեսական հարցերում, քաղաքական հարցերում, տո անձնային մակարդակում էլ, դա գլոբալ պատկեր չի փոխում, բայց կան բաներ, որոնք բարուց ու չարից անդին են ու հենց այդ բաներն եմ ես տեսնում նոր ձևավորվող քաղաքական մեծամանությունում։

Ներողություն եմ խնդրում, որ 2017-ին ես էլ եմ նպաստել նրան, որ սրանք պառլամենտ մտնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել