Դեռևս հունիսին էի զգացել և գրել, որ ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ։ Դրա նախադրյալներն արդեն երևում էին, սակայն ամեն ինչ շատ արագ կատարվեց։

ՀՀՇ-ում սկզբնական շրջանում քննարկումներ, քաղաքական դեբատներ, վարչության բաց նիստեր էին լինում, ֆրակցիաները միմյանց դեմ էին պայքարում։ Միայն տևական ժամանակ անց ՀՀՇ-ն ՀՀՇ դարձավ՝ ի տարբերություն ՔՊ-ի, որտեղ այդ գործընթացը սրընթաց կերպով է գնում։

Ինչի՞ եմ սա գրում․ ցանկանում եմ ՀՀՇ-ից ներողություն խնդրել նման համեմատությամբ իրենց վիրավորելու համար։

ՀԳ․ Երկար տարիներ էին պետք, որպեսզի ՀՀԿ-ի անդամները հայտարարեին, որ ՀՀԿ-ն ընտանիք է և ունի հայր։ ՔՊ-ն ամիսներ անց իրեն ընտանիք հայտարարեց (նման տեսակետները կարող եք գտնել օրերս ՔՊ-ից դուրս եկած անդամի ֆեյսբուքյան գրառման տակ սկսված քննարկումներում, որտեղ այդ կուսակցության անդամներն ասում են, որ ՔՊ-ն ընտանիք է, և ներքին գաղտնիքները չի կարելի օտարների (այսինքն՝ մեր) առջև բացել):

«Ընտանիք» լինելը նշանակում է, որ կան ՄԵՐՈՆՔ և կան ՕՏԱՐՆԵՐ։ Տվյալ դեպքում ՕՏԱՐԸ հասարակությունն է։ Պատահական չէ, որ իտալական մաֆիան «ընտանիք» հասկացության վրա է ձևավորվել։ Կա «ընտանիք» (մաֆիայի անդամները), կա ընտանիքի հայր՝ կնքահայրը, և կան օտարները, որոնց հետ կարելի է վարվել ցանկացած եղանակով։ Օտարների վրա «ընտանիքում» գործող բարոյական նորմերը չեն տարածվում, իսկ ԸՆՏԱՆԻՔԻ դեմ դուրս եկողը դավաճան է։

Ուղիղ ժողովրդավարության իմաստն այն էր, որ ամբողջ հասարակությունն է մեկ ընտանիք, չկան օտարներ ու յուրայիններ, միմյանց միջև չկան գաղտնիքներ, և կարևոր որոշումներն ընդունվում են միասին, ուղիղ ժողովրդավարությամբ։ Դա էր «հեղափոխության» գլխավոր իմաստը։

Սա ընդամենը սկիզբն է։ ԸՆՏԱՆԻՔԸ դեռևս ձևավորման փուլում է, և դեռևս օտարների ձայների կարիքը կա։ ԸՆՏԱՆԻՔԸ դեռևս չի բյուրեղացել, գլխավոր իրադարձություններն առջևում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել