Ադրբեջանական haqqin.az կայքը հրապարակել է հարցազրույց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկտարական կուսակցության խմբակցության անդամ տխրահռչակ և ծախված Դմիտրի Սավելևի հետ։ Սույն կերպարը, ով վաղուց շատ տաքուկ հարմարվել է Իլհամ և Մեհրիբան Ալիևների մեջտեղում և նավթադոլարների դիմաց նույնիսկ կվաճառի հարազատ հորը և մորը, փորձել է ազերի և կայքի ռուսախոս ընթերցողներին բացատրել, թե ՌԴ-ի համար ինչպիսի վատ գործընկեր են հայերը, և հիասքանչ են ադրբեջանցիները։ Բայց այդ թեմային չեմ էլ ուզում անդրադառնալ։

Խնդիրն այն է, որ Սավելևի նման ծախու երեսփոխանն, ընդօրինակելով Բաքվի քարոզչական ոճը, մարդկանց վերագրել է ինչ-որ արտահայտություններ և այն ջանադրաբար տարածել։ Վ. Ժիրինովսկու կուսակիցը, երկար ժամանակ համագործակցելով ադրբեջանցիների հետ, երևի վարակվել է այդ ապատեղեկատվական ախտով։ Այսպես՝ ներկայացնելով ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրները՝ Սավելևը բարբաջել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իբրև թե մասնակցել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, հայտարարել է, որ իբրև թե Հայաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ՝ մնալով ՀԱՊԿ-ի անդամ։ Ավելին՝ ըստ ծախու ռուսաստանցի պատգամավորի՝ Փաշինյանը նույնիսկ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից, միայն թե մտնի ՆԱՏՕ-ի մեջ։ Համոզված եմ, որ այս տեղեկության մասին տեղյակ են միայն Սավելևը և իր պատվիրատու ազերի-թուրքերը։

Ժամանակն է, որ ՀՀ ԱԳՆ-ն կոնկրետ անդրադառնա այս տեսակ դեպքերին։ Ազերիների բարբաջանքներին չարձագանքելը չի նշանակում, որ ամեն ոք իրավունք ունի անպատիժ և անհետևանք ապատեղեկատվություն տարածելու ՀՀ իշխանությունների անունից։

Նախորդ իշխանությունների լռակյաց արտաքին քաղաքականությունը քննադատող Փաշինյանը լավ կլինի՝ այժմ իր կողմից վերահսկվող ԱԳՆ-ի միջոցով կոնկրետ քայլեր կատարի ՀՀ վարչապետի անունից այս տեսակ լկտի ապատեղեկատվություն տարածողների դեմ, այդ թվում նաև՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սավելևի։ Ռուսաստանցի սույն լիբերալ երեսփոխանին ժամանակն է պերսոնա նոն գրատա հայտարարելու և ԱԳՆ-ի մակարդակով հեգնական պատասխան տալու և ընդամենը հիշեցնելու սույն թվականի հուլիսի 12-ին Բրյուսելում Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-ն չի ցանկանում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնել նույն Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանը չի դառնա ՀԱՊԿ անդամ, քանի որ պաշտոնական Երևանը Բաքվի այդ տեսակ նկրտումների դեպքում կկիրառի վետոյի իր իրավունքը։

Իսկ այն, որ Ալիևը Բաքվում, իսկ Բեռառուսի բռնապետ Բատկան Մինսկում միմյանց դեսպանների են ընդունում և ՀԱՊԿ-ի ներքին գործերից խոսում, նրանց անձնական գործն է։

Երևանը մինչև վերջ պետք է անդրդվելի մնա և ոչ միայն Բաքվին, այլև Մինսկին և Աստանային հասկացնի, որ նրանց ցանկություններն այդպես ցանկություն էլ կմնան, քանի որ դեմ են ՀՀ-ի շահերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել