168.am-ը գրում է.

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նոյեմբերի 15-ին հայտարարել է, որ Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի համաձայնեցման աշխատանքի ավարտին նվիրված ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա նոյեմբերի 25-ին։

«Եթե արտակարգ որեւէ բան չպատահի, մենք Եվրախորհրդի հանդիպում կանցկացնենք Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրն ավարտելու եւ դրան պաշտոնական կարգավիճակ տալու համար: Դա տեղի կունենա կիրակի՝ նոյեմբերի 25-ին»,-ասել է նա մամուլի ասուլիսում, որին մասնակցել է Brexit-ի շուրջ բանակցություններում ԵՄ-ի համակարգող Միշել Բառնիեն:

Տուսկը նշել է, որ նոյեմբերի 25-ի գագաթնաժողովին կնախորդեն մի շարք հանդիպումներ ու քննարկումներ: Մասնավորապես, արդեն նոյեմբերի 15-ից ԵՄ-ի բոլոր անդամները մանրակրկիտ կուսումնասիրեն այդ համաձայնագիրը, եւ մինչեւ շաբաթվա վերջը ԵՄ-ի բոլոր երկրների դեսպանները կհանդիպեն այն քննարկելու համար: «Հուսով եմ, որ նրանք շատ դիտողություններ չեն ունենա»,-նշել է Տուսկը:

«Նրանք նաեւ կքննարկեն Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ հետագա հարաբերությունների վերաբերյալ քաղաքական հռչակագրի վերջնականի համաձայնեցման Եվրահանձնաժողովի մանդատը»,-հավելել է նա՝ ճշտելով, որ այդ գործընթացում կներգրավվեն Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները:

Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը հռչակագրի պատրաստման աշխատանքը կավարտի մինչեւ նոյեմբերի 20-ը, իսկ հաջորդ 48 ժամվա ընթացքում ԵՄ-ի 27 երկրները հնարավորություն կունենան գնահատելու այն, ինչը նշանակում է, որ այն պետք է ամբողջությամբ հաստատվի մինչեւ նոյեմբերի 22-ը: Նախօրյակին հինգժամյա քննարկումից հետո Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի տեքստին: Տեղեկացվել է, որ փաստաթղթին դեմ է արտահայտվել կառավարության անդամների մեկ երրորդը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել