Tert.am-ը գրում է.

Ինչպես էլ փաթեթավորենք, աշխարհում խնդրի ռադիկալ կարգավորման բարեհաջող փորձեր կան. «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծի քննարկման ամփոփիչ ելույթում այս մասին ասաց «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ օրինակ բերելով Իսրայելը:

Ըստ Ֆարմանյանի՝ այս կարևոր նախագիծը, ցավոք, չունի քաղաքական այն աջակցությունը, որը կարող էր դրան օրենքի ուժ տալ:

«Ամբողջ հարցը վերաբերում է նրան, որ խնդիրներն իրենց լուծելու ճիշտ ժամանակն ունեն, երբեմն այդ խնդիրները ոչ մեկ քայլ առաջ, ոչ էլ մեկ քայլ հետո հնարավոր չի լինում լուծել»,-ասաց Ֆարմանյանը և նշեց, որ հիասթափված է, որ նախագիծը չի ստանալու բավարար աջակցություն:

«Բայց ես շատ հուսով եմ, որ գալիք խորհրդարանում դուք կշարունակեք հետամուտ լինել խնդրի կարգավորմանը իսկ ես լռելյայն, առանց այդ մասին բարձրաձայնելու, պարզապես ամեն անգամ, երբ մամուլում տեղեկություններ կհայտնվեն այս խնդրի հետ կապված հանցագործությունների կամ դժբախտ դեպքերի, մարդկային խեղված ճակատագրերի մասին, ես ձեզ ֆեյսբուքյան «մեսենջերով» լռելյայն կուղարկեմ այդ դեպքերի մասին տեղեկություններ»,- դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր, նախագծի հիմնական ընդդիմախոսներից Ալեն Սիմոնյանին՝ ասաց Ֆարմանյանը:

Սամվել Ֆարմանյանը նաև անդրադարձավ Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, թե ներկայացված նախագիծը քինախնդրության փորձ է գործող իշխանության հանդեպ: «Ես Ձեզ ասել եմ, պարո՛ն Սիմոնյան, ես դա համարում եմ անձնական վիրավորանք, ինձ պետք է շատ վատ ճանաչել՝ նման եզրակացություն անելու համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել