Իսրայելապաղեստինյան հակամարտության շրջանակներում գրանցված վերջին սրացումները և դրանց հանգուցալուծման փորձերը, որոնք աննախադեպ էին 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին իսրայելական ԶՈւ-ի կողմից նախաձեռնված «Անխորտակելի ժայռ» ռազմագործողությունից հետո, հնարավոր է՝ ներքաղաքական ճգնաժամի հանգեցնեն Իսրայելում:

Բանն այն է, որ իսրայելական և պաղեստինյան կողմերի միջև հրադադարի ռեժիմի վերականգնման պատճառով հրաժարական է ներկայացրել Հրեական պետության ՊՆ Ավիգդոր Լիբերմանը՝ մեկնաբանելով Թել-Ավիվի պատասխան գործողություններն անհամաչափ, իսկ հաշտությունը՝ «կապիտուլյացիա ահաբեկչության առջև»։ Ի դեպ, հենց Լիբերմանն է համարվում լարվածության վերջին շրջափուլի և դրա հանգուցալուծման ռազմագործողության ձախողման գլխավոր պատասխանատուն, քանի որ նրա գիտությամբ (հնարավոր է՝ անմիջական նախաձեռնությամբ) նոյեմբերի 11-ին իսրայելական ԶՈւ-ի իրականացրած հետախուզադիվերսիոն օպերացիայի պատճառով խափանվեցին կողմերին հաշտեցնելու Եգիպտոսի ջանքերը:

Ընդհանուր առմամբ, Գազայում իսրայելական կողմի վերջին գործողությունները նաև Իսրայելի ներսում են հաճախ գնահատում որպես պարտվողական-զիջողական, իսկ Լիբերմանի հրաժարականի դեպքում, եթե նաև նրա գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը դուրս գա իշխող կոալիցիայից, ապա մեծ հավանականությամբ երկիրը կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մինչդեռ վարչապետ Նեթանյահուն ամեն կերպ խուսափում է ներքաղաքական իրավիճակի սրացումից, անգամ նույն մոտեցմամբ էր պայմանավորված նաև պաղեստինցիների դեմ աննախադեպ անհամաչափ գործողությունները: Իսկ որպես նշվածի հնարավոր պատճառ՝ կարելի է նշել նախ առաջիկայում իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի ծրագրի ներկայացումը, ինչպես նաև, անշուշտ, Իրանի դեմ բոլոր ընդհանուր ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը: Հետևաբար կանխատեսելի է, որ Իսրայելի ղեկավարը ձգտելու է հնարավորինս հապճեպ և անկորուստ շտկել ստեղծված իրավիճակը՝ անգամ արտաքուստ կարևոր զիջումների գնով:

ՀԳ. Ի դեպ, պաղեստինյան կողմը Ա. Լիբերմանի (Իսրայելում Ադրբեջանի լավագույն բարեկամի) հրաժարականը գնահատում է որպես նաև սեփական հերթական ձեռքբերում և հաղթանակ վերջին դիմակայության շրջանակներում, քանի որ «Համասը» կանխավ, որպես Իսրայելի հետ հաշտության նախապայման, ներկայացրել էր Լիբերմանի հրաժարականի պահանջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել