Նոյեմբերի 12-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը, հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները, որոշեց, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ կուսակցության մասնակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։

«Դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո առաջանալու է նոր իրավիճակ։ Թեև վերջնականապես ավարտվելու է քսանամյա կոշտ ավտորիտարիզմի քաղաքական իշխանության ժամանակաշրջանը, սակայն նոր իշխանությունը բախվելու է հին համակարգի հսկայական ազդեցությանը քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա:

Ռեյտինգային ընտրակարգի պահպանումն, իր հերթին, լուրջ հարված էր թե քաղաքական համակարգին` խոչընդոտելով դրա առողջացմանն ու զարգացմանը, թե ընտրությունների դեմոկրատական բնույթին: Որպես հետևանք, անխուսափելիորեն խնդիրներ են առաջանալու ողջ պետական համակարգի վերակառուցման և առողջացման առումով:  Հայաստանը, ուստի, պետք է թևակոխի արմատական փոփոխությունների նոր ժամանակաշրջան: Առաջիկա տարիներին մի կողմից անհրաժեշտ է ապամոնտաժել փաստացի գոյություն ունեցող արատավոր համակարգը, մյուս կողմից` հաղթահարել անվտանգության մարտահրավերները եւ ստեղծել տնտեսական վերելք ապրող եւ սեփական քաղաքացիների համար ժողովրդավարական ազատություններն ապահովող պետություն:

Ընտրությունների ավարտից հետո Կոնգրեսը հանրությանը կներկայացնի փոփոխությունների իր առաջնահերթությունները և, գործելով խորհրդարանից դուրս, կփորձի համախմբել հասարակությունը այդ օրակարգի շուրջ»,– ասվում է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել