Armsport.am-ը գրում է.

Հռիփսիմե Խուրշուդյանն այլևս հանդես չի գալու Հայաստանի ծանրամարտի հավաքականում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը.

«Հռիփսիմե Խուրշուդյանն այլևս չի մարզվի: Իր համար կարող է մարզվել, սակայն այլևս չի կարող մրցումների մասնակցել:

Առաջին հերթին որակազրկման 4 տարվան չի կարող դիմանալ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հռիփսիմեին որակազրկել է չորս տարով. երկու տարին անցել է, դեռ երկու տարի էլ կա:

Երկրորդ՝ նա վերջիվերջո տան կին է, գուցե ցանկանում է երկրորդ, երրորդ երեխան ունենալ: Հռիփսիմեն այլևս Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ չէ: Մենք նրան ցուցակներից հանել ենք, որպեսզի այլևս դոպինգ թեստեր չհանձնի»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք՝ դոպինգ օգտագործելու համար 75 կգ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանը նախապես որակազրկվել էր 2 տարով, և այս տարվա մայիսին պետք է ավարտվեր որակազրկման ժամկետը, սակայն ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկումը երկարաձգեց մինչև 2020 թվականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել