168.am-ը գրում է.

«Սկզբունքը եղել է պրոֆեսիոնալիզմը, քաղաքական անցած ճանապարհը, քաղաքական պրոցեսների վրա ազդելու հնարավորությունները, հանձնաժողովներում տեղ զբաղեցնելու հնարավորությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ վարչության անդամ, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ հրաժարվելով անդրադառնալ, թե «Իմ քայլը» դաշինքի ցուցակում կոնկրետ լրագրողների ընդգրկումը ինչո՞վ է պայմանավորված:

Հարցին, օրինակ, Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Թովմասյանը անցե՞լ են այդ քաղաքական ճանապարհը, Ա.Հարությունյանը պատասխանեց, որ մշտապես պրոցեսների մեջ եղած մարդիկ այդ ճանապարհն անցնում են:

Անդրադառնալով քարոզարշավին՝ Ա.Հարությունյանը նշեց, որ նախապատրաստվում է այնպես, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ: Ըստ նրա՝ բազմաթիվ խոչընդոտներ չկան, քաղաքական թիմերի կողմից տարբեր խմբերի նկատմամբ ճնշումներ չկան, ընտրություններն ազատ են թափանցիկ, դպրոցները ապաքաղաքական են, ինչն ազդել է կրթական որակի վրա: Նա դժվարացավ կանխատեսել, թե ինչքան ձայն կհավաքի «Իմ քայլը»:

Ա.Հարությունյանը նշեց, որ առաջադրվելու է թիվ 3 ընտրատեղամասում, և հերքեց, որ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն աջակցելու է իրեն ու նույն տեղամասում առաջադրվող Արարատ Միրզոյանին. «Դուք ո՞նց եք դա պատկերացնում»:

Դիտարկմանը, որ լուրեր կան, որ դաշինքը քարոզարշավը սկսելու է կրկին Գյումրիից քայլելով, Ա.Հարությունյանը պատասխանեց. «Խնդրում եմ սպասել, երբ սկսենք քայլել, չքայլել, թռչել, թռչկոտել, էն ժամանակ կմեկնաբանենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել