Armenpress.am-ը գրում է.

Գյումրի համայնքի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը ավագանու նիստի օրակարգ է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է կառավարությանը դիմել ուղերձով՝ առաջարկելով պետական հատկացումների շնորհիվ լուծել ժամանակավոր կացարաններից Գյումրին ազատելու խնդիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է ձևավորել հանձնաժողով և գույքագրել Գյումրու տնակային տնտեսությունը, որոշել ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների և կացարանների տերերի՝ արժանապատիվ բնակարաններ տեղափոխվելու պայմանները և կարգը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկեց ուղերձի տեքստը ենթարկել որոշակի փոփոխությունների, մասնավորապես, չհիշատակել անօթևանների որոշակի թիվ և չմատնանշել, թե պետական բյուջեի քանի տոկոսն է հարկավոր հատկացնել՝ անօթևանության խնդիրը վերացնելու համար:«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված ուղերձի ընդունման մասին» որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում 1988 թվականի երկրաշարժից 30 տարի անց հազարավոր ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում:

ՀՀ պետական կարճաժամկետ ծրագրերում այս ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը արտացոլված չէ: Այս ընտանիքների անօթեւան դառնալու պատճառները տարբեր են՝ երկրաշարժի հետևանքով անօթեւան դարձածներ, երկրաշարժից ի վեր բնական աճ ունեցած ընտանիքներ, որոնց բնակարանային փոխհատուցումը ՀՀ կառավարության 1999 թվականի թիվ 432 որոշման պատճառով անբավարար է եղել ընտանիքի բոլոր անդամներին բնակարանով ապահովելու համար, բնակարաններ ստացած և տարբեր սոցիալական պատճառներով բնակարանը օտարած եւ տնակներում ապաստանած ընտանիքներ, զանազան պատճառներով հաշվառումից դուրս մնացած ընտանիքներ:

Գյումրեցի անօթևան ընտանիքների հարցը լրջորեն սերտաճած է եղել քաղաքական եւ համապետական մի շարք խնդիրների հետ, այդ թվում՝ պետական կոռուպցիայի, պետական իշխանության վարած տարածքային խտրական քաղաքականության, անարդյունավետ ծախսումների, աղքատության եւ այլ խնդիրների հետ: Ապրիլյան հեղափոխությունից հետո երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ հանրային միջոցների ավելի արդյունավետ կառավարում է իրականացվելու, ավելի մեծ ուշադրություն է դարձվելու կարիքավոր, անապահով եւ չքավոր խավերի խնդիրների լուծմանը, հնարավորություն է ստեղծվելու պետական հատկացումների շնորհիվ արժանապատիվ կերպով լուծել ժամանակավոր կացարաններից Գյումրին ազատելու խնդիրը»,-նշված է որոշման նախագծում:

Ուղերձի նախագիծը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց: Նույն խմբակցության կողմից ներկայացված հաջորդ հարցը կրկին ուղերձի տարբերակով ՀՀ Կառավարությանը դիմելն է՝ այս անգամ համայնքապատկան մանկապարտեզներն անվճար դարձնելու նպատակով: Ուղերձով Գյումրիի ավագանին խնդրում է կառավարությանը տարեկան պետական բյուջեից կամ այլ հնարավոր միջոցներից տրամադրել 259 մլն դրամ սուբվենցիա: Այդ հատկացման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել Գյումրու բոլոր մանկապարտեզահասակ երեխաների անվճար նախնական կրթությունը մեկ տարվա ընթացքում: Այս ուղերձը ևս ավագանին որոշեց առաջիկայում ներկայացնել ՀՀ կառավարությանը: Ընդհանուր առմամբ, ավագանու քննարկմանը ներկայացվել էր 23 հարց, այդ թվում՝ անապահով քաղաքացիներին դրամական աջակցության, Ավետիք Իսահակյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի հրատարակման համար 1 մլն 300 հազար դրամ գումար և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառման համար 1 մլն 989 հազար դրամ գումար հատկացնելու մասին և այլ նախագծեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել