Երգչուհի Լենա Ղազարյանի կյանքում այս փուլում թե՛ ստեղծագործական, թե՛ անձնական ակտիվ շրջան է: BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ պատրաստվում է ամուսնանալ և շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի:  

«Նոր աշխատանքս կոչվում է «Հարսի երգ»։ Այն առնչություն ունի իմ անձնական կյանքի փոփոխության հետ, քանի որ ես և սիրելիս պատրաստվում ենք ամուսնանալ: Երգն ակապելա տարբերակով կա իմ ֆեյսբուքյան էջում, արդեն ձայնագրվել եմ, և հիմա մտածում ենք սյուժեի մասին»:  

Տեսահոլովակում ապագա ամուսինը չի նկարահանվի։ Լենան ասում է՝ նա խուսափում է տեսախցիկներից. «Տեսահոլովակում կլինեմ հարսի զգեստով։ Երևի ամբողջ շեշտը կդրվի տեսահոլովակի վրա, քանի որ հարսանիք չեմ ուզում՝ անենք: Ես բնավորությամբ շատ լարվող եմ, և վստահ եմ, որ իմ հարսանիքից ոչինչ չեմ հիշելու: Դրա համար ավելի շատ աշխատում եմ տեսահոլովակի վրա, որպեսզի դեկորացիաները գեղեցիկ լինեն: Սիրելիս ուզում էր, որ հարսանիք անենք, բայց այժմ համաձայն է ինձ հետ, որ ավելի լավ է տեսահոլովակի տեսքով ամեն ինչ ներկայացնենք: Արդեն երեք տարի է՝ միասին ենք, կարծես մեր միության երեք տարին նշելու ենք ամուսնությամբ: Ամուսնությունից հետո առանձին ենք ապրելու, բնակարանն արդեն գնել ենք»:  

Երգչուհին նշում է, որ ամեն ինչ անում է, որպեսզի իր անձնական կյանքը և ստեղածործականը չտուժեն. «Իմ ապագա ամուսինն ինձ չի ասում՝ մի աշխատիր, մի երգիր, անգամ կարող է ասել՝ չե՞ս ուզում նոր երգ ներկայացնել: Մարդկանց մոտ կարծես կարծրատիպ է առաջացել, որ գուցե նա ինձ չթողնի, որ երգեմ, բայց դա այդպես չէ»: 

Լենայի ամուսինը բիզնեսով է զբաղվում, նա անգամ լուսանկարվելուց է խուսափում. «Երբ նրա հետ լուսանկար եմ հրապարակում, կա՛մ դեմքին սրտիկ եմ դնում, կա՛մ կտրում եմ, որպեսզի կիսով չափ երևա: Իմ երկրպագուները երբեմն գրում են՝ ինչո՞ւ ես դեմքը փակում, միևնույն է, տեսել ենք: Հավանաբար տեսել են կոլեգաներիս սթորիները, որտեղ, օրինակ, կարող ենք միասին լինել: Կարծում եմ՝ կամաց-կամաց սիրելիս կհարմարվի այս ամենին»:

Երգչուհին նշում է՝ Ամանորից հետո պատրաստվում է ավելի ակտիվ զբաղվել ստեղծագործական գործունեությամբ և նոր, ռիթմիկ երգեր կներկայացնել: Անգամ պատրաստվում է մենահամերգ ունենալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել