Armenpress.am-ը գրում է.

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` բացառապես խորհրդարանական ընտրություններից հետո կարող են անդրադառնալ այն հարցին, թե ինչպիսի հետընտրական կոալիցիաներ, պայմանավորվածություններ կլինեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զոհրաբյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Թե ինչպիսի հետընտրական կոալիցիաներ, պայմանավորվածություններ, զարգացումներ կլինեն, այս բոլոր հարցերին իմաստ կունենա անդրադառնալ բացառապես միայն դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Որևէ մեկն այս պահին չի կարող կանխատեսել ընտրությունների արդյունքը»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` ընտրությունների բովանդակությունը կախված է քաղաքական ուժերից: «Եթե քաղաքական ուժերը չզբաղվեն ամեն օր ապատեղեկատվություն մեկնաբանելով, այլ հնարավորություն տրվի հանրությանը ներկայացնելու տնտեսական, քաղաքական օրակարգ, մեզանից յուրաքանչյուրի նախընտրական ծրագիրը, հավատացնում եմ, որ ընտրությունները կլինեն բովանդակային»,-նշեց Զոհրաբյանը:

 Նրա հավաստմամբ` իրենց ԲՀԿ-ն առաջ է գնում` օրակարգում ունենալով իրենց քաղաքական և տնտեսական ծրագիրը: «Մեր զրուցակիցը լինելու է ՀՀ քաղաքացին: Մենք չենք պատրաստվում մարտի բռնվել մնացած քաղաքական ուժերի հետ, բոլորին կոռեկտ ընտրության կոչ ենք անում, ով կխախտի կոռեկտության սահմանը, ով կանցնի ընտրապայքարի համար թույլատրելի կարմիր գիծը, բնականաբար, համարժեք պատասխան կստանա»,- եզրափակեց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել