Այսօրվա դեպքը բուռն քննարկվում է, կան տարբեր կարծիքներ՝ արդյոք պե՞տք էր քանդել ապօրինի կառույցը, թե՞ ոչ։ Սակայն մի շատ կարեւոր հարց դուրս է մնում քննարկումից։ Բոլորը խոսում են միայն սեփականության տարբեր ասպեկտների մասին, բայց չէ՞ որ ակնհայտ է, որ եթե շինությունը կառուցվել է առանց նախագծի, ապա ոչ ոք պատասխանատու չի կարող լինել անվտանգության համար, հայտնի չէ՝ արդյոք երեւէ մեկը հաշվարկե՞լ է կոնստրուկցիաները՝ հիմքերից մինչեւ ծածկեր, նորմերին համապատասխանությունը եւ այլն։ Հաճախ լսում ես այս կամ այն կառուցապատողից. «Ախպեր, մատիս չափ հաստ 4 հատ արմատուրա եմ դրել ու, հորս արեւ, լավ բետոն եմ լցրել», բայց սա անընդունելի է, նույնիսկ եթե խոսքն առանձնատան մասին է, էլ չասած՝ հասարակական նշանակության շենքի մասին։ Մի քանի տարի առաջ նման մի ապօրինի կառույց Խանջյանի վրա շինարարության ընթացքում փլուզվեց, խեղճ ու կրակ բանվորներից մեկը թե երկուսը մնացին տակը։ Արդյունքում չհասկացանք՝ ով պատժվեց, թե չպատժվեց, բայց այդ տեղում այսօր մեծ ռեստորան է, այդպես էլ ապօրինի ավարտեցին, օրինականացրին, հիմա հանգիստ խղճով վայելում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել